Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել. տեսանյութ դեպքի վայրից

Ինքնաթիռը ռադարից անհետացել է թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռում եղել է 93 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ղազախստանում` Ալմաթիի մոտակայքում, ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։

Ալմաթիի օդանավակայանի մամուլի ծառայությունն արդեն պաշտոնապես հայտնել է պատահարի որոշ մանրամասները։

Պարզվել է` խոսքը «Բեք Էյր» ավիաընկիերության ինքնաթիռի մասին է, որը 2100 չվերթով Ալմաթիից Նուր-Սուլթան էր ուղևորվում։ Ինքնաթիռը մեկնել է ըստ ժամանակացույցի` տեղի ժամանակով 07:05–ին, հետո անհետացել է ռադարներից։ Ինքնաթիռում 93 ուղևոր է եղել, այդ թվում` երեք երեխա, նաև անձնակազմի 5 անդամ։

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության` ինքնաթիռը գտնվել է թռիչքուղուց դուրս:

Վերելքի ժամանակ այն կորցրել է բարձրությունը, հարվածել բետոնե պատնշին ու բախվել երկհարկ շինությանը։

Նախնական տվյալների համաձայն` 14 մարդ է մահացել։ Տասնյակ մարդիկ, այդ թվում` երեխաներ, տուժել են։

Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել. տեսանյութ դեպքի վայրից

Որոնողափրկարարական գործողություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 976 մարդ, 70 միավոր տեխնիկա ու շտապօգնության 33 բրիգադ։ Դեպք վայրում օպերատիվ–քննիչ խումբ է աշխատում, տարածքը փակված է։

Ղազախստանի ինդուստրիայի ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ «Բեք Էյր» ավիաընկերության աշխատանքը կասեցվել է։