Ղազախստանում ինքնաթիռի կործանման հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկություններով` այս պահի դրությամբ ինքնաթիռի վթարից տուժածների թվում հայեր չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով` «Bek Air» ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի հետևանքով տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԳՆ-ն միաժամանակ ցավակցում է բոլոր զոհերի հարազատներին։

««Bek Air» ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին: ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել. տեսանյութ դեպքի վայրից

Նշենք, որ նախնական տվյալներով Ղազախստանում կործանված ինքնաթիռի հետևանքով 14 մարդ է մահացել։ Տասնյակ մարդիկ, այդ թվում` երեխաներ, տուժել են։

Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 93 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. գործողություններին մասնակցում են 976 մարդ, 70 միավոր տեխնիկա ու շտապօգնության 33 բրիգադ։ Դեպքի վայրում օպերատիվ–քննիչ խումբ է աշխատում, տարածքը փակված է։

Ղազախստանի ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ «Բեք Էյր» ավիաընկերության աշխատանքը կասեցվել է։