ՀՀ նախագահը` քաղաքական ջրբաժանի արանքում. Սարգսյանը կատարեց իր ընտրությունը

ՍԴ–ի վերաբերյալ սկանդալային օրինագիծը Հայաստանում ջրբաժան դարձավ քաղաքական գործիչների միջև։ Դրանից չխուսափեց նաև ՀՀ նախագահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Ստորագրելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը` Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը միանշանակ աջակցեց իշխանությանը, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

ՍԴ անդամների վաղ կենսաթոշակը շարունակում է կրքեր բորբոքել. ՀՀԿ–ն ներողություն է խնդրում

Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 26–ին, ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը։ Մինչ ստորագրելը ՀՀ նախագահը հանգամանալից ուսումնասիրել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և դրա վերաբերյալ քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:

«Այդ օրինագիծը հստակ քաղաքական ջրբաժան է ներկա և նախկին իշխանությունների միջև։ Այն ստորագրելով` նախագահը սատարեց նոր իշխանություններին անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներ նշեց»,–ասաց Հակոբյանը։

Հայաստանի իշխանության համար ՍԴ–ն միակ անառիկ «կղզյակն» է. պատգամավոր

Արմեն Սարգսյանը քաղաքական ընտրություն կատարեց, նրա քայլն այդպես էլ ընկալվում է։ Եթե նա չստորագրեր փաստաթուղթը, կընդունվեր, որ ընդդիմության կողմն է բռնում։ Կար նաև երրորդ տարբերակը` ուղարկել նախագիծը ՍԴ։

ՍԴ–ի կազմը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ այդ դեպքում որոշումը ձեռնտու կլիներ ընդդիմությանը։ Սակայն ֆորմալ տեսանկյունից այդ քայլը կգնահատվեր որպես «չեզոք»։

Մյուս կողմից, նախագահը սրանից առաջ ևս այնքան էլ չեզոքություն չէր պահպանում` նոր իշխանություններին սատարելով գրեթե բոլոր հարցերում։

«Իսկ այս դեպքում բավական վիճահարույց օրինագծի շուրջ նա հանդես եկավ հստակ դիրքորոշմամբ», – նշեց քաղտեխնոլոգը։

Հրայր Թովմասյանը կհարցաքննվի

Ընդհանուր առմամբ, Հակոբյանի խոսքով, Սարգսյանը սեփական օրակարգն ունի, որը այդքան էլ հաճախ չի համընկնում իշխանության որոշ օղակների գործունեության հետ։ Նա ապրում և գործում է «զուգահեռ» պետական իրականության մեջ։

Միևնույն ժամանակ այս գործունեությունը բավականին վիճահարույց է։ Նրա բազմաթիվ շրջագայությունները, ցուցադրական հանդիպումները, Հայաստանի ներսում քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները որևէ, համենայն դեպս, տեսանելի արդյունք չեն տալիս։

ՀՀ ԱԺ–ն դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացրեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրինագիծը։ Նախագծին կողմ քվեարկեցին 82 պատգամավոր, դեմ` 34։

Թող իշխանությունը ժողովրդի հաշվին «ձեռք չմեկնի» ՍԴ–ին. պատգամավոր

Հիշեցնենք, որ նախագիծը լուրջ հասարակաքաղաքական աղմուկ էր առաջացրել։ Ընդդիմությունը պնդում է, որ այս օրենքով իշխանությանը նպատակ ունի հասնել ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին։ Սահմանադրական դատարանի ղեկավարին պաշտոնանկ անելը ՍԴ–ի լիազորությունների մեջ է, սակայն դրա ներկայիս կազմը չաջակցեց ՍԴ նախագահին իմպիչմենտի ենթարկելու իշխանությունների նախաձեռնած գործընթացին։