Անարդարության խնդիրը կլուծվի. զինծառայողների փոխհատուցման նախագիծն ընդունվեց

Եղել են դեպքեր, երբ զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակում տեղի ունեցած դեպք, և վնասի փոխհատուցում չի նախատեսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Այսուհետ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը կհատուցվի։ Հայաստանի կառավարությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության այս որոշումը` փոփոխություններ կատարելով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծում։

«Այս նախագծով անարդարության խնդիրը կլուծվի։ Ավելին, ես համոզված եմ, որ հոգաբարձուների խորհուրդը օրենքի նախագիծը կտարածի մինչև 1990 թվականի դեպքերի վրա։ 2008-ից սկսած` թվով 10 զինծառայող կա, որի կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով»,–ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Անարդարության խնդիրը կլուծվի. զինծառայողների փոխհատուցման նախագիծն ընդունվեց

Նրա խոսքով` զինված ուժերի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ, կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ:

Դավիթ Տոնոյանն այցելել է հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին

Տոնոյանը նշեց, որ մեր զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվում նաև հակառակորդի հեռահար հրետակոծության կամ դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության հետևանքով:

Ըստ նախարարի` նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակում տեղի ունեցած դեպք, և վնասի փոխհատուցում չի նախատեսվել. նոր օրենքը շտկում է հենց այս բացը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին