ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի դիակը հայտնաբերվել է դիրքից 740 մետր հեռավորության վրա, փոսի մեջ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց գործով փաստաբան Հայարփի Սարգսյանը, որը ևս զոհված զինվորի հարազատների հետ մասնակցում է կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիային։
Փաստաբանը նաև նշեց, որ նույն դեպքով ծանր վիրավորում ստացած մյուս զինվորը հայտնաբերվել էր դիրքի տարածքում, ասել է թե` Արթուր Աջամյանից 740 մետր հեռու։
ԱԺ–ի մոտ կազմակերպված բողոքի ակցիան ավարտվեց. զինվորի հարազատները հավատացին Քոչարյանին
«Գնդակը դիպել է ճակատին ու դուրս է եկել ծոծրակից` վերևից ներքև ուղղությամբ։ Այսինքն` ուղղակի տրամաբանությունից դուրս էր, որ ինքն իրեն կարող էր կրակել։ Ես այս պահի դրությամբ տեսնում եմ, որ ՊՆ–ը թելադրում է Քննչական կոմիտեին, որովհետև նույնիսկ վիրավորի հարազատներին տրամադրել են մահացած զինծառայողի հարազատների դեմ»,– ասաց փաստաբանը։
Հայարփի Սարգսյանը հայտնեց նաև, որ իրեն թույլ չեն տալիս մտնել զինվորական հոսպիտալ ու պարզել վիրավոր զինվորի վիճակը։
«Ինձ ասում են` դուք նրա փաստաբանը չեք։ Բայց ես` որպես փաստաբան, իրավունք ունեմ և ինձ պարտավոր են տեղեկացնել, թե ինչ վիճակում է գտնվում վիրավորը»,– ասաց Սարգսյանը։
Զինվորի սպանությունն այդ զորամասում միակը չէ. Քոչարյանը կզբաղվի դրանով
Ավելի քան 2 ժամ տևած ակցիայից հետո Արթուր Աջամյանի հարազատներին հրավիրեցին կառավարության ընդունարան։ Առայժմ հայտնի չէ, թե ում հետ են նրանք հանդիպելու։
Մեկնաբանելով փաստաբանի հայտարարությունները՝ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը Sputnik Արմենիային ասաց, որ Քննչական կոմիտեի վրա որևէ կառույցից որևէ ճնշում չի գործադրվում: Նա նաև նշեց, որ գործի նախաքննությունն ընթանում է ամբողջ թափով, ձեռնարկվում են համապարփակ քննչական և դատական ընթացակարգեր ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք` այսօր առավոտից զինվորի հարազատները հավաքվել էին կառավարության դիմաց` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կառավարության շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանների ու նրանց միջև բախում սկսվեց, երբ զինվորի մայրը որոշեց մուտք գործել շենք, իսկ ոստիկանները փակեցին կնոջ ճանապարհը։
Ակցիայի մասնակիցներին հանդիպեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա հայտնեց, որ շենքում այս պահին կառավարության նիստ է ընթանում, ինչի պատճառով ինքը չի կարող վարչապետին փոխանցել հավաքվածների պահանջը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։
Զննել են մահացած զինծառայողի բջջային հեռախոսը, կատարվել են անհետաձգելի գործողություններ
Աջամյանի ծնողները փաստում են` իրենց որդու սպանությունից 24 օր անց, սպանությունը բացահայտված չէ։
Դեկտեմբերի 2–ի դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սպանություն)։