Դավիթ Խաժակյանը կգնա՞ հարցաքննության

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի ուղիղ եթերում խոսել է իրեն ՀՔԾ հրավիրելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության։ Այս մասին ավագանու անդամը հայտնել է Facebook—ի իր էջում։

«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից, վաղը հրավիրվեցի՝ բացատրություն ներկայացնելու, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ», - Facebook—ի ուղիղ եթերում ասաց նա։

Խաժակյանը նշեց, որ գնալու է հարցաքննության և գործ հարուցվելու պարագայում դիմելու է ՀՔԾ, որպեսզի այդ փաստաթղթերը փորձաքննության ենթարկվեն։

Նա չբացառեց, որ այսօր քաղաքապետարանում եղած փաստաթղթերում կարող են փոփոխություններ  անել, ինչը որպես իրավական գործընթաց պահանջելու է մի քանի տարբեր անձանց կողմից վավերացումներ, ստորագրություններ, սակայն, ըստ Խաժակյանի` այդպիսի քայլերն ընդամենը կբարդացնեն գործընթացը։

Դավիթ Խաժակյանը կմնա Երևանի ավագանու կազմում. ԼՀԿ–ն բացատրել է իր որոշումը

Հիշեցնենք` Երևանի ավագանու դեկտեմբերի 16–ի նիստում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և դա պետք է դառնա դատախազության քննության առարկա։

«Բռնվեցի՞ք, ժողովուրդ ջան, սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք».Դավիթ Խաժակյան

«Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք` հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով լրացվել է փաստաթուղթ, որն իրականում գրվել է նոյեմբերի 4-ին»,–ասաց նա։

Նա հավաստիացրեց, որ իր մոտ է գտնվում իրական, այսինքն` հետին ամսաթվով` նոյեմբերի 4-ով լրացված փաստաթղթի պատճենը։

Ավելի վաղ Խաժակյանը Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, որի ժամանակ նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը, սակայն քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։ Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Վերջինս հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։

Խաժակյան. «Շարունակելու եմ նույն գիծն ու զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ»

Հիմք ընդունելով այս ամենը, Խաժակյանը պահանջում էր, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը պատասխանատվության ենթարկվեն` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Խաժակյանը նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել քննությանը և մատնանշել բազմաթիվ այլ հանգամանքներ։

Դրան հետևեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի արձագանքը. դեկտեմբերի 17–ին նա Facebook-ի իր էջում գրել էր, որ քննարկում են Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի գործունեությունը դադարեցնելու հարցը, սակայն, վերջնարդյունքում Խաժակյանը շարունակեց մնալ ավագանու կազմում։