Կենդանիներին հաշվառելու ծրագիրը կարող է հերթական փող լվանալու միջոցը դառնալ. փորձագետ

ՀՀ կառավարությունը որոշել է հաշվառել Հայաստանի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Կառավարության այս նախաձեռնությունը մասնագետների մոտ թերահավատություն է առաջացրել ու հիշեցրել նախկինի անհաջող փորձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Խոշոր եղջերավոր կենդանիներին հաշվառելու ծրագիրը կարող է հերթական փող լվանալու միջոցը դառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Հիշեցնենք`ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի մեկնարկի մասին։

Խաչատրյան. «Հազվագյուտ կենդանիների մասին տեղեկության տրամադրումը խնդրահարույց կլինի»

2020թ–ին համարակալվելու ու հաշվառվելու է ՀՀ ամբողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասունների սեռահասակային կազմը, հետագա տարիներին՝ ևս տարեկան շուրջ 246,5 հազար գլուխ անասուններ:

«Դրա համար պետք է պրակտիկ փորձ ունենան, աշխատած լինեն։ Եթե այդ մարդը չի աշխատել այդ բնագավառում, ինչպես կարող է համարակալում անել, անձնագրավորում անել։ Դա միայն համարակալումը չէ։ Ականջը ծակեն, էդ պլաստմասսան կամ երկաթի կտորը կախեն։ Բա դրա ծինը ո՞վ է համարակալելու, հոտի շարժը ո՞վ է համարակալելու։ Այսինքն` եթե այդ ճանապարհով գնան հերթական փող լավանալու միջոցն է դառնալու»,– ասաց Բերբերյանը։

Նրա մեկնաբանմամբ` հաշվառումն անասնաբուծության մեջ ամենակարևոր ուղղություններից է։ Բայց միայն համարակալմամբ ու հաշվառմամբ խնդիրն անկատար կմնա։ Դրա հետ մեկտեղ անասուններին անհրաժեշտ է անձնագրավորել։ Հակառակ դեպքում, կստացվի այն, ինչ արդեն մեկ անգամ տեղի է ունեցել 1990-ականներին։

Կառավարությունը կովերին LED լամպերով ու ռետինե ներքնակներով էլիտար գոմեր է առաջարկում

«Անկախությունը նոր էր հռչակվել Հայաստանում, երբ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզում հաշվառման պիլոտային ծրագիր արեց և ձախողեց։ Եթե դարձյալ այս ճանապարհով գնան, արդյունքը նույնը կլինի։ Դա պետք է միաժամանակ ամբողջ Հայաստանի տարածքում արվի և հետևողական ամեն տարի համարակալում իրականցվի, անձնագրավորվի ամեն նոր սերունդը և այլն։ Այսինքն` ամեն տարի ծախսեր է պետք նախատեսել։ Եթե մի անգամ անեն ու հետո ձեռքերը լվանան, քաշվեն մի կողմ, ավելի լավ է նույնիսկ չսկսեն»,– ասաց Բերբերյանը։

Ժանտախտից մինչև լեյշմանիոզ. փորձագետին մտահոգել է Հայաստանի սանիտարահիգիենիկ վիճակը

Ամբողջական հաշվառման համար, փորձագետի համոզմամբ, բացի նոր սերնդի գրանցումից, հետևողականորեն պետք է գրանցվեն նաև մորթի ու անկման բոլոր դեպքերը։ Դրա համար, ըստ Բերբերյանի, այս գործը պետք է իրականացնեն անասնաբուժական կենտրոններն ու մասնավոր անասնապահները։ Մինչդեռ գյուղնախարարության ու առավել ևս վիճակագրության կոմիտեի ներկայացրած տվյալներին մեր զրուցակիցը չի վստահում։

«Հիմա հիմնականում այդ տեղեկատվությունը գալիս է գյուղապետարաններից, որոնք իրավունք էլ չունեն գյուղատնտեսական տվյալներ հայտնելու, բայց հայտնում են։ Վիճակագրությունը գալիս է մարզպետարաններ, այնտեղ մի քիչ ճոխացվում է։ Հետո գալիս է նախարարություն, այնտեղ էլ ավելի է ճոխացվում։ Եվ այդ ճոխ–ճոխ թվերը վիճակագրության կոմիտեն դնում է վարչապետի կամ նախագահի սեղանին»,– ասաց Բերբերյանը։

«Գործով եմ եկել ձեզ մոտ». հայ տղան կովերի համար «ֆիթնես–թրեքեր» է հորինել

Նշենք, որ հաշվառումն իրականացվելու է անասունի ականջապիտակի վրա գծիկավոր կոդի տեսքով, որը պարունակելու է կենդանու հաշվառման վայրի, տոհմային տեսակի, տարիքի մասին տեղեկատվություն:

Գեղարքունիքում սատկած կովերի մոտ որևէ ինֆեկցիոն հիվանդություն չեն հայտնաբերել

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը ֆինանսավորվելու է պետական բյուջեից` 1.44 մլրդ դրամ՝ 2020-2023 թթ. համար: Առաջին փուլը` 2020 թ.–ը, կարժենա շուրջ 750 մլն դրամ։

Այսօր Հայաստանում համարակալված և հաշվառված են միայն ՀՀ ներկրված տոհմային կենդանիները, որոնք ունեն տոհմային հավաստագիր, ինչպես նաև արհեստական սերմնավորման միջոցով ստացված սերունդը։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2019թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ անասնաբուծության համախառն արտադրանքի արդյունքը կազմել է 250.8 մլրդ դրամ։

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2019թ.–ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 1340 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ներմուծվել է 215 գլուխ։