ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման ենթարկելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել

Օրինաչափ էին ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու հիմքերը, թե ոչ, կպարզի ծառայողական քննությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից։

«Ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու համար»,–հայտնեցին ոստիկանությունից։

Ափոյանը բերման էր ենթարկվել երեկ և 3 ժամ անց ազատ արձակվել։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է վիճարկել իրեն բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ ասել էր, որ կներկայանա ոստիկանություն։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման էին ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանում հնչած կրակոցների պատճառով։

Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմանում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել, և հնչել են կրակոցներ: