ՌԱԴԻՈ

Բրիտանացիները հայերից պակաս դժգոհ չեն կյանքից

Եկեք անկեղծ լինենք: Երբ անընդհատ ասում ենք, թե մենք` հայերս, դժգոհ ազգ ենք, շատ ենք չափազանցնում: Փորձեմ ապացուցել դա բրիտանացիների օրինակով: Ինչու հենց բրիտանացիների՞: Առնվազն երկու պատճառ կա։
Sputnik

Նախ՝ մեզ չգիտես ինչու միշտ թվում է, որ` «Այ, եթե Լոնդոնում կամ առնվազն Մանչեսթերում ապրեինք, անպայման գոհ կլինեինք, որովհետև բրիտանացու կենսամակարդակը համեմատելի չէ մերինի հետ»:

Բրիտանացիները հայերից պակաս դժգոհ չեն կյանքից
Մինչդեռ, երբ տարիներ առաջ` շատ վաղուց գնացել էի Անգլիա, զարմանքով հայտնաբերեցի, որ բրիտանացիները իրենց այն ժամանակվա վարչապետին՝ Մարգրետ Թետչերին գրեթե նույն, մեղմ ասած, ոչ շահեկան որակումներն էին տալիս, ինչ մենք այն ժամանակ տալիս էինք մեր հարազատ հհշ-ական ղեկավարությանը:

Երկրորդ պատճառը, թե ինչու եմ վերցնում բրիտանացիների օրինակը, այն է, որ վերջերս այնտեղ՝ Մեծ Բրիտանիայում սոցիոլոգիական հետազոտություն է անցկացվել։ Մարդկանց ուղղակի հարցրել են՝ լավ՝ ինչու ձեզ երջանիկ չեք զգում: Մի քանի տասնյակ պատճառներ են նշել բրիտանացիները՝ ընդհուպ մինչև՝ «եղանակը մեզ մոտ լավը չէ», կամ «շունս հիվանդ է»: Բայց առանձնացնեմ ամենից հաճախ հնչած պատասխանները: Ու վստահ եմ՝ դուք հիմա կհամոզվեք, որ, ինչպես ասում էր պոետը, մեզ տանջող ցավը նրանց էլ է պատել:

Եվ այսպես՝ թիվ մեկ դժգոհությունը՝ տարիներն անցնում են՝ ծերանում եմ: Դե այս դեպքում, բնականաբար, ոչինչ չես կարող անել. ինչպես բոլորիս լավ ծանոթ երգում է ասվում՝ «Հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենում է ծերությունը»…

Թիվ երկու դժգոհությունը անմիջականորեն կապված է առաջինի հետ՝ ոչինչ չեմ կուտակել: Բա հենց դրա համար էլ մեր կառավարությունը մտցրել է պարտադիր կուտակային համակարգը, որպեսզի ջահելները կամ համեմատաբար ջահելները մեզ` ավագ սերնդի ներկայացուցիչներիս նման վերջում կոտրված տաշտակի առջև չհայտնվեն:

Հաջորդը` պարտքեր ունեմ՝ չգիտեմ տակից ինչպես դուրս գալ: Համաձայնեք՝ անգլիացիների այս տրտունջը, այսպես ասենք, համահայկական բնույթի է:

Բրիտանացի փոստատարը մահացել է գերհոգնածությունից
Ինչպես նաև այս մտահոգությունը՝ բա որ կորցնեմ աշխատանքս: Եվ նկատեք՝ սա ասում են Մեծ Բրիտանիայի՝ այն երկրի բնակիչները, որտեղ գործազրկությունը հիմա՝ դեկտեմբերին գիտե՞ք որքան է... 3, 8 տոկոս: Բա հայաստանցի՞ն ինչ ասի, երբ ապրում է մի երկրում, որտեղ նույնիսկ պաշտոնական տվյալներով ամեն հինգերորդն է գործազուրկ։ Ամենազարմանալին այն է, որ բրիտանացին, մտահոգված լինելով աշխատանքը կորցնելու հեռանկարով, միաժամանակ նաև մտածում է՝ իսկ արդյո՞ք ճիշտ աշխատանք եմ ընտրել, արդյո՞ք հաջողությունների եմ հասել այդ աշխատանքում և վերջապես` արդյո՞ք ժամանակը չէ ընդհանրապես փոխել աշխատանքը: Խոստավանենք՝ նույն մտքերը ժամանակ առ ժամանակ մեզ էլ են այցելում: Մանավանդ ոչ աշխատանքային օրերին, երբ վաղը կրկին պետք է գնաս աշխատանքի: Եթե ունես, իհարկե: Բայց ավարտենք աշխատանքային թեման:

Հիմա զուտ անձնական դժգոհությունների մասին՝ երբ մարդ պարզապես կասկածներ ու մտահոգություններ ունի իր սեփական անձի հետ կապված:

Ճիշտն ասեք՝ տեսքս լա՞վն է:

Հենց սա է բրիտանացիների, համոզված եմ նաև՝ բնավ ոչ միայն բրիտանացիների մտահոգություններից մեկը, որն, այսպես ասեմ՝ ոչ թե թունավորում է կյանքը, այլ ժամանակ առ ժամանակ մի փոքր, մի թեթև անհանգստացնում է՝ արդյոք ես գրավիչ եմ շրջապատի համար: Իհարկե, ոչ միայն արտաքինով: Արդյոք ծանոթներիս վերջին հավաքում բոլորը գնահատեցին իմ էրուդիցիան, երբ մի երկու բաժակ կոնծելուց հետո սկսեցի փիլիսոփայել Ժան Պոլ Սարտրի ու Եզնիկ Կողբացու հայացքների նմանության մասին: Արդյո՞ք ֆեյսբուքյան վերջին գրառումս Ֆուտբոլի ֆեդերացիայի նիստի մասին բավական թվով «լայքեր» հավաքեց: Եվ այլն…

Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն միլիարդատիրոջ հետ կապի պատճառով
Այս «և այլնի» կողքով էլ, ի դեպ, չարժե անտարբեր անցնել: Դրա տակ շատ բան է թաքնված՝ բազմաթիվ մտահոգություններ՝ կապված զուտ մարդկային հարաբերությունների հետ: Չգիտեմ՝ եթե այս նույն հարցը, որը տրվել է մառախլապատ Ալբիոնի բնակիչներին՝ «ինչն է Ձեզ անհանգստացնում, ինչը թույլ չի տալիս վայելել լիակատար երջանկությունը», ուղղվեր մեզ` հայաստանցիներիս, արդյո՞ք մենք նույնքան անկեղծ կգտնվեինք զուտ անձնական հարցերում, բայց բրիտանացիները չեն թաքցրել՝ «Այո, ինչ մեղքս թաքցնեմ՝ մեկ-մեկ էլ մտածում եմ՝ արդյոք ճիշտ զուգընկեր եմ ընտրել, արդյոք այդ զուգընկերն ինձ առաջվա պես սիրում է...»:

Վերջապես՝ արդյոք ես ճիշտ եմ դաստիարակում իմ երեխաներին: Հիմա համոզվեցի՞ք, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները, որոնք, ի դեպ, մեզանից մի տասը անգամ ավելի շատ են ստանում, ունեն ճիշտ նույն մարդկային մտահոգությունները, ինչ մենք ունենք: