ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանում լրատվամիջոցներն այսօր առավել քան երբևէ ազատ են։ Այս մասին այսօր լրատվամիջոցների ամանորյա ընդունելության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ օտարերկրյա այցերից վերադառնալիս միշտ զրուցում է պատվիրակությանն ուղեկցող լրագրողների հետ և նրանցից հետաքրքրվում՝ արդյոք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում որևէ կերպ սահմանափակվում է։
«Ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել։ Իհարկե, կան որոշակի խնդիրներ, և շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում լրագրողներն ու լրատվամիջոցները, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է, բայց ուզում եմ ասել, որ համաձայն եմ` կառավարությունն ու ես համատեղ զբաղվենք այդ հարցով», - ասաց նա։
Փաշինյանը խոսեց նաև լրատվամիջոցների դեմ հարձակումների կամ դրանց գործունեությանը խոչընդոտելու դեպքերի մասին. գրանցված դեպքերի առնչությամբ քննություն է ընթանում։
«Համոզված եմ` բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն։ Հնչում են կարծիքներ, որ գուցե այդպիսի հարձակումներն ուղղորդվում են կամ առավել ևս կազմակերպվում են իշխանությունների կողմից։ Կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել և բացառվում է», - ասաց վարչապետը։
Ըստ Փաշինյանի` լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, երբեմն կեղծ լուրեր տարածում, սակայն կառավարությունը դրանից էլ է հետևություններ անում:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արված. իրավապահները դեպքի վայրում են
«Երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում կառավարության, իշխանության ներկայացուցիչներին խոսել այնպիսի հարցերի շուրջ, որոնց մասին սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։ Դա, ի վերջո, օգնում է, որպեսզի մենք հասնենք հարյուր տոկոս թափանցիկության», - ասաց Փաշինյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է իրավապահներին` անաչառ քննության ակնկալիքով
Չնայած այս ամենին, վարչապետը խոսքը եզրափակեց լրատվամիջոցների հանդեպ դրական տրամադրվածությամբ. չէ՞ որ նրանց գործունեությունը նաև օգնում է, որ կառավարության բոլոր անդամները առավել պրոֆեսիոնալ ու պատասխանատու լինեն։