ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Կալանավոր Վահե Մելոյանը, որը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 և ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ և Վահեն երբեմն շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ: Ես և իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց, հանդիպել Վահեին: Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետև նա գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին»,–գրել է պատգամավորը։
«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով
Զոհրաբյանի խոսքով` կալանավորը չի ընդունել իրենց` հացադուլը դադարեցնելու մասին հորդորները։ ԱԺ պատգամավորն իր գրառմամբ դիմել է Քրեակատարողական ծառայությանը` ասելով, որ, ճիշտ է, հարկադիր կերակրում չեն կիրառում, սակայն կան այլ միջամտություններ, որոնք պետք է անհապաղ արվեն:
Ըստ Զոհրաբյանի` վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում:
«Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ այս տարի մայիսին Վահե Մելոյանը կրկին հացադուլ էր արել, սակայն հունիսի 19–ին դուրս էր եկել հացադուլից: Հացադուլում գտնվելու ընթացքում նրան այցելել էին դատախազությունից, ինչպես նաև Մելոյանին վերաբերող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը:
Վահե Մելոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175 հոդվածով՝ավազակային հարձակման հատկանիշներով։
Ո՞վ է մեղավոր Մհեր Եղիազարյանի մահվան համար. Արտակ Զեյնալյանը պարզաբանումներ է ներկայացրել
Իսկ ինչ վերաբերում է Մհեր Եղիազարյանին, ում, անունն իր գրառման մեջ նշում է Զոհրաբյանը, ապա կալանավորը 2018թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հացադուլ էր իրականացրել և հունվարի 26-ին հանկարծամահ էր եղել հիվանդասենյակում: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ըստ փորձաքննության արդյունքների` նա մահացել է ինֆարկտից: