ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվան զգուշությամբ է վերաբերվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով Sputnik Արմենիայի` հայ–ռուսական հարաբերությունները շահարկելու վերաբերյալ հարցին։
«Ռուսաստանի Դաշնությունը շատ զգույշ է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ներքին գործընթացներին։ Կարևոր է, որ Հայաստանում իրավիճակը լինի խաղաղ, կայուն, որպեսզի քաղաքական, հասարակական ուժերն առավելագույն կոնսենսուսի հասնեն», – ասաց Կոպիրկինը։
Մոսկվայի համար առանցքային է դաշնակցային հարաբերությունների պահպանումը, ամրապնդումն ու զարգացումը։
Ինչ վերաբերում է այդ հարցը ներքաղաքական օրակարգում օգտագործելուն, ապա Ռուսաստանի համար կարևոր է ոչ թե քաղաքական իրադրությունը, այլ հենց երկկողմ հարաբերությունների հիմքի պահպանումն ու ամրապնդումը։
«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ», – նշեց Կոպիրկինը։
Դիվանագետը բացասաբար է վերաբերվում այդ թեմայով շահարկումներին։
Նշենք, որ հայ–ռուսական հարաբերությունների հարցը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայի հետ մեկտեղ ակտիվ կիրառվում է (ինչպես նաև «թավշյա հեղափոխությունից առաջ») գործող իշխանությանը քննադատելու համար։ Իշխանափոխությունից հետո նախկին ընդդիմախոսներն ընդամենը փոխվել են տեղերով։