Մարությանը դադարել է «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը լինել պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ

Քաղաքապետարանը փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը  քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում պատասխանել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին` կից հրապարակելով փաստաթղթեր։

«Նման ճոխություն թույլ չեմ տա քաղաքային իշխանությանը». Խաժակյանը` իր հետագա քայլերի մասին

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով:

Կարապետյանը տեղեկացրել է, որ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածը լույս տեսնելու օրը` դեկտեմբերի 5-ին, հերքման պահանջ են հրապարակել` փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն տարածելու փաստը։ Այսօր մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ «Ժողովրդի» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ստուգելու համար։

«Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի որոշումը՝ նորից տեղադրեմ կնքված և ստորագրված փաստաթղթերը, որտեղ երևում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ։

Նույն տեղեկությունը կարող էին էլեկտրոնային տարբերակով ստանալ նաև «Ժողովրդի» մեր գործընկերները՝ վճարելով 3000 դրամ և Պետռեգիստրի էլեկտրոնային կայքից վերցնելով փաստաթղթերը»,–գրել է Կարապետյանը։

Դավիթ Խաժակյանը կմնա Երևանի ավագանու կազմում. ԼՀԿ–ն բացատրել է իր որոշումը

Նա տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին։