ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ագուլիսի` 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդերին, երբ Նախիջևանի այդ հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի։
«Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես, Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով»,- գրել է նա:
Նաղդալյանը նշել է, որ Նախիջևանի հայերի դեմ գործած հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլև նոր դրսևորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջևանը, իրականացրին նաև հայկական մշակութային ժառանգության համակարգված և զանգվածային ոչնչացումը, ինչի հետևանքով ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում և այլուր:
«Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից միջնադարյան քրիստոնեական արվեստի գլուխգործոցներ համարվող Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, որը փաստագրված է տեսաձայնագրությամբ, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես մշակութային վայրագությունների անգերազանցելի դրսևորում»,- ընդգծել է ԱԳն խոսնակը:
Թուրքիայից Նախիջևան ուղիղ չվերթեր կգործեն
Չնայած դրան, ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում:
Վրեժ` Սիրիայի համա՞ր. ինչպես պատասխանել թուրք–ադրբեջանական զորավարժություններին
Նշենք, որ Ագուլիսն այժմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։ Նախկինում հայկական մշակութային մեծ քաղաք էր։