ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է։ Այս լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՔԾ–ից։
Թավադյանին ձերբակալել են կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Նա բերման էր ենթարկվել այսօր, ժամը 14:00-ին:
Նշենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19–ին ՀՀ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որտեղ ասվում էր, թե Մարտի 1–ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից՝ նշելով, որ դրա դիմաց պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը, գումարած` բարձր պաշտոն հետագայում։
Պլանավորած օպերացիա կամ «արջի ծառայություն». Քոչարյանի որդին մեկնաբանել է տեսանյութը
Հիշեցնենք, որ մայիսի 17–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի բակում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք էր առաջադրվել Արմեն Թավադյանին: Մայիսի 13-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական նիստի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում միջադեպ էր տեղի ունեցել։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտարարել էր, որ իրեն շշով հարվածել են, ինչի հետևանքով աչքի շրջանում կապտուկ է առաջացել։
«Սանիթեքն» ունի ապացույցներ, որ ընկերության հանդեպ կիրառվել է օտարում
Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հայտնել էր, որ միջադեպից հետո ոստիկանության բաժին են բերման ենթարկվել` 3, հրավիրվել` 2 քաղաքացի։ Նրանց թվում է եղել նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։
Թավադյանը, սակայն, պնդում է, որ ինքը չի հարվածել Վարդգես Գասպարիին։ Մայիսի 18–ին Թավադյանը ազատ էր արձակվել։