ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Այս մասին հայտնում է factor.am–ը, որը փորձել է աշխատանքից ազատվելու պատճառը ճշտել հենց Սամվել Հարությունյանից։
«Գիտե՞ք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,- ասել է Հարությունյանը։
Factor.am–ը հետաքրքվել է` իսկ որն է եղել նրա տեղակալի՝ 60–ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը։ Հարությունյանը չի ցանկացել որևէ մեկնաբանություն տալ այս հարցի առնչությամբ։
Կայքը հիշեցնում է, որ 2007թ-ից Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Հարությունյանն այս տարվա հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել էր։ Ամիսներ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Հարությունյանի վերանշանակմանը, հայտարարել էր․ «Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է»։ Այս հայտարարությունից հետո Հարությունյանը դատի էր տվել Իոաննիսյանին։