Ծառայողական քննություն կարվի «Հոկտեմբերի 27»–ի գործով դատավորի մոտ փամփուշտ գտնելու դեպքով

Վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ Սամվել Ուզունյանի ելքը կանխելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում դատավոր Սամվել Ուզունյանի մոտից փամփուշտ հայտնաբերելու վերաբերյալ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 01։45-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող Սամվել Ուզունյանի ուղեբեռում կասկածելի իր էր հայտնաբերվել։ Ոստիկանության հաղորդմամբ` կասկածելի իրը փամփուշտ է եղել։ Ուզունյանը «Հոկտեմբերի 27»–ի գործով դատավորն է։

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորը լքել է Հայաստանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ գլխավոր դատախազությունից էլ հայտնեցին, որ հանձնարարվել է ստուգել Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները: Դա, ըստ դատախազության, պայմանավորված է նաև նրանով, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ տվյալ անձի ելքը կանխելու ուղղությամբ:

«Քննության շահերից ելնելով՝ այս կապակցությամբ հավելյալ տեղեկություն չենք կարող փոխանցել, սակայն ստուգման արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,–ասացին դատախազության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21–ին տեղեկություն տարածվեց, որ «Հոկտեմբեր 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի` 51 հազար դոլար կաշառք։

Դատավորը «լայք» է դրել եղբոր գրառումներին. Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկ պահանջեցին

Ունենալով մտահոգություն, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար։

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում կասկածելի իր են հայտնաբերել

ԲԴԽ-ն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի` «Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները: Ուզունյանն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահն է, եղել է 1999թ.–ի «Հոկտեմբերի 27»–ի գործով քննող դատավորը։