«Նման խայտառակ ընտրություն չեմ տեսել». Հենրիխ Մխիթարյանի մորը դուրս թողեցին գործկոմից

ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններն անցան բավականին լարված իրավիճակում: Գործկոմի կազմում տեղ չգտնվեց Հենրիխ Մխիթարյանի մոր համար, որը երկար տարիներ աշխատել է ՀՖՖ-ում, բայց նա որոշել է հարցն այսպես չթողնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, որն ավելի քան մեկ տասնամյակ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և մի քանի ընտրություններում նաև ՀՖՖ գործկոմի անդամ է ընտրվել, այսօր դուրս մնաց գործկոմի անդամների ցուցակից և ընտրություններից հետո չկարողացավ զսպել զայրույթը:

«Այսքան տարի է` ես աշխատում եմ ֆուտբոլում, և կարելի է ասել, որ կյանքիս հիմնական մասը ֆուտբոլում եմ անցկացրել, նման խայտառակ ընտրություններ չեմ տեսել: Ամեն ինչ պլանավորված ու ծրագրված էր, ու արեցին այն, ինչ ուզում էին: Կոնկրետ իմ դեմ հատուկ աշխատանք էր տարվել, որպեսզի ես չհայտնվեմ ՀՖՖ գործկոմում: Երևի ես իրենց խանգարում էի»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Մյուս թեկնածուն ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանն էր։ Մելիքբեկյանը ստացավ 13, Թովմաս Գրիգորյանը` 7 քվե։

Ինչու Խորեն Հովհաննիսյանը հրաժարվեց ՀՖՖ նախագահի թեկնածությունից

Բացի այս ընտրություններից, Թաչշյանն անդրադարձավ նաև մեկ տարի երեք ամիս առաջ կայացած ընտրություններին` նշելով, որ Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի նշանակումներն այն ժամանակ եղել են ՀՖՖ կանոնակարգի կոպիտ խախտումներով։

«Հասկանալի պատճառներով Արթուր Վանեցյանը չէր էլ կարող գլխավորել ֆեդերացիան, որովհետև նա զբաղված էիր իր մյուս աշխատանքով (ԱԱԾ ղեկավար), և այն գլխավորում էին Նիկողոսյանն ու Մելիքբեկյանը, ընդ որում` նրանք լեգիտիմ չեն եղել: Ես այս հարցը այսպես չեմ թողնելու, ու չի բացառվում, որ տեղյակ պահեմ նաև ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմիններին»:

Ընդհանրապես ՀՖՖ նախագահի ընտրություններն առաջին անգամ անցան նման լարված պայմաններում: Նույնիսկ այսօր առավոտյան նախագահի թեկնածուներից մեկը՝ Թովմաս Գրիգորյանը, Facebook–ում գրել էր, որ ընտրությանը մասնակցող ՀԿ-ների վրա ճնշում է գործադրվում: