Մայր Աթոռը 50 հազար դոլար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին

Սուրբ Էջմիածինը գումար է փոխանցել լիբանանահայության կարիքները հոգալու համար։ Նվիրատվության մասին գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն 50 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը:

«Գումարը փոխանցվել է Լիբանանի կյանքում դժվարին այս օրերին լիբանանահայության կարիքները հոգալու համար»,– նշել է նա։

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերից Լիբանանում հակակառավարական զանգվածային բողոքի ցույցեր էին անցկացվում։ Երկրի վարչապետ Սաադ Հարիրին հոկտեմբերի 29-ին հրաժարական տվեց: Լիբանանցիները բողոքում էին հարկերի, կոռուպցիայի, ապրելակերպի թանկացման դեմ:

Լիբանանում կրքերը չեն հանդարտվում, ցուցարարները առաջ են գնացել պահանջների մեջ. արաբագետ

Լիբանանի նախագահ Միշել Աունն օրերս կրթության նախկին նախարար Հասան Դիաբին հանձնարարել է կառավարություն ձևավորել։