«Հոկտեմբերի 27-ի» գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ փամփուշտի հայտնաբերման դեպքի առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 21-ին, ժամը 01։45-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել էր կասկածելի իր։

«Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավոր Սամվել Ուզունյանը կձերբակալվի

«Նրա ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել։ Նշանակվել է փորձաքննություն։ Նյութեր են նախապատրաստվում»,–հայտնեցին ոստիկանությունից։

Սամվել Ուզունյանին հաջողվե՞լ է մեկնել Հայաստանից, թե՞ ոչ` պարզ չէ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21–ին տեղեկություն տարածվեց, որ «Հոկտեմբեր 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք։

Ունենալով մտահոգություն, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար։

ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար

ԲԴԽ-ն բավարարել էր «Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունները: Սամվել Ուզունյանն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահն է, եղել է 1999թ.–ի «Հոկտեմբերի 27-ի» գործով քննող դատավորը։