ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն`բացատրություն տալու։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում ու մանրամասներ ներկայացրել։
«4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար»,– գրել է Խաժակյանը:
Նրա տեղեկացմամբ` ոստիկանությունում պարզվել է, որ գրավոր հաղորդումը իրենց չի փոխանցվել:
«Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ ու առհասարակ չեմ շտապում... Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել դրանք, կփոխանցեմ»,– գրել է Խաժակյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը Գլխավոր դատախազության հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ըստ որի՝ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, այդ ընթացքում նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, բայց քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։