ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի–Sputnik. Դատավոր Սամվել Ուզունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք։ Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Նախնական քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատակից հանդիսացող Ս. Ու.-ն, մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխատանվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»,– գրում է նա:
Աբրահամյանը նաև հավելել է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս Սամվել Ուզունյանին ՀՔԾ վարույթում իրականացվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու համար։
Ունենալով մտահոգություն, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար։
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել` նշելով, որ դեկտեմբերի 20-ին, քննելով դատախազի պաշտոնակատարի միջնորդությունները, որոշել է բավարարել դրանք։
ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար
Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահն է, հայտնի է 1999թ.–ի «Հոկտեմբերի 27-ի» գործով, եղել է քննող դատավորը։