ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Քրեական ենթամշակույթը քրեականացվելու` ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը գաղութներում դժգոհության ալիք է բարձրացրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։
Ինչ արժե մարմնավաճառը գաղութում, ու ինչպես են ապրում «զոն նայողները». պատմում է ՔԿԾ պետը
«Սկզբնական շրջանում փորձեցին անհնազանդության դեպքեր հրահրել։ Բայց ժամանակին այդ ամենը կանխվեց։ «Հրազդանում» տեղահան էին արել բանտախցի դուռը` ուղղորդված, դրսից ցուցումներով, իրենց լեզվով ասած` «прагон» էին ուղարկել, որ անհանդուրժողականություն ցուցաբերեն` միաժամանակյա ինքնավնասումներ անեն, միաժամանակ դռներին խփեն։ «Նուբարաշենում» դրսից հրահանգներով կերակրման դռնակներն էին կոտրել, միաժամանակ հարվածում էին դռներին, դյուրավառ նյութեր էին այրել– գցել, հրդեհ էր բռնկվել։ Բարեբախտաբար, ժամանակին հրդեհը մարվեց»,– ասաց Գոյունյանը։
150 հազարով` ընդդեմ քրեական ենթամշակույթի. ինչու գաղութներում աշխատել չեն ուզում
Բոլոր այդ դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որից հետո, ՔԿԾ պետի խոսքով, անհնազանդության ակցիաները դադարել են։
Գոյունյանը հիշեցնում է, որ անհրաժեշտության դեպքում արդարադատության նախարարն օրենքով իրավասու է ՔԿՀ–ներում արտակարգ դրություն հայտարարել ու խիստ միջոցներ ձեռնարկել։
ՔԿԾ պետի խոսքով` ներկա պահին իրավիճակը բոլոր ՔԿՀ–ներում հանգիստ է։