Պուտինը Տիգրան Սարգսյանին բարեկամության շքանշանով է պարգևատրել

Ռուսաստանի նախագահն ընդգծել է Եվրասիական միության զարգացման, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների հարցում Սարգսյանի հատուկ վաստակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։

«Ես պատվավոր առաքելություն եմ ստանձնել հանձնելու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևը` Բարեկամության շքանշանը։ Նախ կցանկանայի նշել, որ Տիգրան Սուրենովիչը մեծ անձնական ներդրում է ունեցել ԵԱՏՄ–ի զարգացման հարցում»,–ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։

ԵԱՏՀ–ն վերջին 4 տարվա ընթացքում աշխատել է սահուն, առանց խափանումների, հաջողությամբ լուծելով ինտեգրացիոն օրակարգի բոլոր բարդ հարցերը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` Սարգսյանը շատ բան է արել ԵԱՏՄ–ի արդյունավետության բարձրացման համար, մեծ ջանքեր է գործադրել կազմակերպության միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար, գործընկերային կապեր է կառուցել մյուս երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ։

Պուտինը Տիգրան Սարգսյանին բարեկամության շքանշանով է պարգևատրել

«Բարեկամության շքանշանով պարգևատրելը Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցում ունեցած հատուկ ավանդի ճանաչումն է։ Տարբեր պաշտոններում աշխատելով, այդ թվում` ՀՀ ԿԲ և կառավարության ղեկավարի, նա մշտապես ուշադրություն է դարձրել հայ–ռուսական բազմակողմանի համագործակցությանը, մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը»,–նշել է Պուտինը։

Հայաստանն էստաֆետը փոխանցում է Բելառուսին. ԵԱՏՀ–ն նոր ղեկավար կունենա

Ներկայիս պաշտոնում, ՌԴ նախագահի խոսքով, Սարգսյանը կարողացել է բավական լավ, գործնական, պրոֆեսիոնալ մթնոլորտ ստեղծել։ Համաձայնեցման հարցերը պարզապես սուր բանավեճերի շրջանակում չէին ընթանում. Սարգսյանն ուժ էր գտնում «հանդուրժելու այդ ամենը»` փոխըմբռնման հասնելու համար ստեղծելով բոլոր պայմանները։

Պուտինը Տիգրան Սարգսյանին բարեկամության շքանշանով է պարգևատրել

Պուտինը նրան մաղթել է առողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ։

Նշենք, որ ՀՀ ԿԲ նախկին ղեկավար և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ–ն գլխավորում էր 2016 թվականի փետրվարի 1-ից։ 2020 թվականի փետրվարի 1-ից Սարգսյանին ԵԱՏՀ ղեկավարի պաշտոնում կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։