Հայ մասնակիցները հաղթել են «Ամբողջ ձայնով» միջազգային մրցույթում

Թիմը հաղթել է մրցույթում, իսկ երգչուհի Տատյանա Գևորգյանը առաջին տեղն է զբաղեցրել «Լավագույն մենակատարուհի» անվանակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. «Ամբողջ ձայնով» (Во весь голос!) միջազգային երաժշտական հեռուստատեսային մրցույթի հայ մասնակիցները հաղթել են միանգամից երկու անվանակարգերում։

Հայ մասնակիցները հաղթել են «Ամբողջ ձայնով» միջազգային մրցույթում

Այս անգամ Հայաստանը ներկայացնում էին մոսկվացի երկու մենակատար` «Ձայնը. երեխաներ» նախագծի մասնակից Տանյա Գևորգյանն ու երգիչ Վարդան Վարդանյանը։ Մրցույթին մասնակցում էր նաև չորս կատարողից կազմված խումբը, որի կազմում էին Էդվարդ Մանուկյանը, Մերի Վարդանյանը, Արուսյակ Ավետիսյանն ու Մարիա Կարապետյանը։

Հայկական թիմը հաղթել է մրցույթում, իսկ երգչուհի Տատյանա Գևորգյանը առաջին տեղն է զբաղեցրել «Լավագույն մենակատարուհի» անվանակարգում։

«Միսս աշխարհ 2019». Լիանա Ոսկերչյանը քանոն է նվագել ու հայտնվել տաղանդավորների հնգյակում

Մասնակից Մերի Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ բան է սովորել մրցույթի ժամանակ։ Ամենաշատը նա հավանել է Մարկ Տիշմանի վարպետության դասընթացը, որը սովորեցրել է զգալ ստեղծագործություններն ու ամբողջ սրտով երգել։ Հայկական թիմի ուսուցիչ Մարգարիտա Պոզոյանը խիստ էր, բայց ընկերասեր։ Նա մասնակիցներին սովորեցրել է կարգապահություն, ճիշտ վոկալ ու բեմական վարպետություն։

Հայ մասնակիցները հաղթել են «Ամբողջ ձայնով» միջազգային մրցույթում

«Մենք միակ թիմն ենք, որը միանգամից երկու մրցանակ է ստացել։ Դա մեր մտերմության ու համախմբված աշխատանքի շնորհիվ է։ Մենք բոլորս տարբեր ենք, բայց երաժշտությունը միավորում է մեզ», – նշեց Մերին։

Մրցույթ և հետնաբեմի ինտրիգներ. հայուհին` «Սուպեր զբոսաշրջային թագուհի» տիտղոսակիր

«Во весь голос!» միջազգային երաժշտական հեռուստատեսային մրցույթը հեռուստատեսային նախագիծ է, որի շրջանակում մրցում են ԱՊՀ ու Բալթյան երկրների պատանի կատարողները։ Կազմակերպիչներն են Ռուսաստանի Ազգությունների հարցերով դաշնային գործակալությունն ու «Երեխաներն օգնում են երեխաներին» բարեգործական հիմնադրամը` ԱՊՀ միջպետական համագործակցության հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ։