ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանի տարածքում մսի վաճառքը կթույլատրվի միայն սպանդանոցային մորթի դեպքում։ Նոր կարգն ուժի մեջ կմտնի 2020թ–ի հունվարի 15–ից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արդեն մի քանի անգամ ձեռնարկատերերին հիշեցրել է նորամուծության մասին, ինչպես նաև սեմինարներ անցկացրել բիզնեսի համար։ Բայց թե՛ բիզնեսի, թե՛ սպառողների մոտորոշ հարցեր դեռ բաց են մնում։
Որքա՞ն կարժենա դա
FAO (ՄԱԿ պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն) ներկայացուցչության հաշվարկներով` մեկ կիլոգրամ մսի ինքնարժեքը (հաշվի առնելով թե՛ մորթը, թե՛ փոխադրումները) կթանկանա 120-160 դրամով։ Ճիշտ է` որքան հեռու լինի փոխադրումը, այնքան բարձր կլինի արժեքը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով` հանրապետությունում գործող սպանդանոցները կառուցված են Երևանի մոտակայքում. Կոտայքի մարզում դրանք 11 են, Մասիսում` 1, Էջմիածնում` 2։
Հայաստանում թույլ չեն տա անհայտ ծագման միս վաճառել. Գեորգի Ավետիսյան
Մայրաքաղաքից հեռու գործող սպանդանոցները քիչ են. Ապարանում, Վանաձորում, Ալավերդու մոտակայքում, Դիլիջանում, Եղեգնաձորում, ևս երկուսը` Կապանում։ Խոշոր անասնաբուծական մարզերում` Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Սիսիանում, ընդհանրապես չկան։
Բացի դրանից, կան մի քանի կառուցված, բայց դեռևս չբացված սպանդանոցներ։ Եթե դրանք չբացվեն և միսը ստիպված լինեն տեղափոխել 50-60 կմ, ապա անհասկանալի է, թե արդյունքում որքան այն կարժենա։
Ինչ անել եղջյուրները և կճղակները
Սպանդանոցները կարող են մթերել ոչ միայն միս, այլ նաև ենթամթերք։ Փորոտիքից պատրաստում են ոչ միայն բոլորին հայտնի խաշ, այլ նաև մսաոսկրային ալյուր, որը կարևոր հավելում է անասունների և թռչունների կերի համար (տոհմային տնտեսություններում և թռչնաբուծարաններում)։
Թռչնի ֆաբրիկաների դեպքում ամեն ինչ միանշանակ չէ։ Մի կողմից, ավելի լավ կլինի, որ դրանք օգտագործեն խոշոր եղջերավոր անասունի հումքը (դրա հիվանդություններն այլ են, քան թռչունինը, ուստի վարակվելու ռիսկերն ավելի փոքր են)։ Մյուս կողմից, մնում են բակտերիալ վարակման ռիսկերը (օրինակ, էխինակոկով վարակվելը), որովհետև ոչ բոլոր սպանդանոցներում հնարավորություն կա անցկացնելու միկրոկենսաբանական անալիզ։
Մյուս կարևոր հումքը կաշին է։ Երևանում երկու տարի առաջ գործարկվել է կաշվի գործարան, որն աշխատել է դեռ Խորհրդային տարիներին։ Խնդիրն այն է, որ վերջին երկու–երեք տարիներին կաշվի գները կտրուկ նվազել են. տարածաշրջանում տաք ձմեռների պատճառով կրճատվել է երկարաճիտ կոշիկների պահանջարկը։ Այսպես թե այնպես, գործարանը շարունակում է աշխատել երկու խոշոր սպանդանոցների հետ։
Խորոված ու քյաբաբ Զվարթնոցում և Գառնիում, կամ ինչ օգուտ է տալիս մշակույթի նախարարությունը
Եթե մյուս սպանդանոցներն էլ հումք տրամադրեն ձեռնարկություններին,ապա կկարողանան լրացուցիչ եկամուտներ ստանալ, իսկ դրանց հաշվին` գյուղացուց ավելի քիչ վերցնելով կամ նույնիսկ ոչինչ չվերցնելով (գյուղացիներից որպես վճար կարող են հումք վերցնել)։ Շուկան կորոշի, թե ում և ինչպես դա կհաջողվի։ Չէ՞ որ գյուղացին կախված կլինի մոտակա սպանդանոցից (ոչ ոք տավարի միսը Աշտարակից Կապան չի տանի)։
Լուծումներից մեկը կարող է լինել փոքր գյուղական սպանդանոցներ ստեղծելը, ինչպես արվում է Ռուսաստանում (այնտեղ երկու–երեք գյուղի համար բացում են մեկը)։
Մսային բազմակետեր
Վերջում նշենք, որ 2020թ–ին Հայաստանում կշարունակեն աճել ներկրվող, մասնավորապես, սառեցված տավարի և հավի մսի մաքսատուրքերը։ Ճիշտ է` առայժմ 2-3 տոկոսով։ Բայց 2021թ–ից բարձրացումն ավելի նշանակալի կլինի։ Իսկ եթե այդ ընթացքում հայ ներկրողները չկարողանան գտնել որակյալ ռուսական կամ բելառուսական տավարի միս, իսկ տեղի սպանդանոցները` կարգավորել իրենց բիզնեսը, ապա քյաբաբի սիրահարներին այնքան էլ լավ ժամանակներ չեն սպասվում։