ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Բանը հասել է նրան, որ շեյխերն ուզում են Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել։ Այսօր կառավարության նիստում, առողջապահական ծրագրերի քննարկման ընթացքում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ակնարկելով Երևանի քաղաքապետարանի ու ԲՀԿ–ի միջև վերջերս տեղի ունեցած աղմկահարույց քննարկումները։
«ՀՀ–ում առողջապահության ոլորտում ներդրումների տեսանելի ակտիվություն է նկատվում։ Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ շեյխերն ուզում են Երևանի կենտրոնում հիվանդանոցր կառուցել։ Եվ, եթե տեսնենք, որ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված Հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50% տեղական փայի խնդիր կա»,– կես լուրջ– կես կատակ ասաց Փաշինյանը։
Հիշենենք` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հակասություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Ծառուկյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է Հայաստանից:
«Այդ մակարդակի մարդիկ քաղաքապետի հետ հանդիպմանը գնում են ջինսով ու բոթասներով». Փաշինյան
Քաղաքապետի մամուլի խոսնակը հերքեց Ծառուկյանի այդ հայտարարությունը։ Ի պատասխան, Ծառուկյանն էլ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակեց տեսանյութ, որտեղ Քուվեյթի թագաժառանգի ներկայացուցիչները որոշ փակագծեր բացեցին քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից։
Շեյխերը, նրանց եղբայրներն ու մորքուրի զավակները. «Իմ քայլն» ու ԲՀԿ–ն վիճում են ԱԺ–ում
Ներդրողը առաջարկում է Երևանի կենտրոնում կառուցել բարեգործական հիվանդանոց և հյուրանոց և դրա դիմաց խոստանում է նորոգել մետրոյի որոշ կայարաններ: Մարությանը մերժել է` ասելով, թե քաղաքապետարանը չի կարող համապատասխան տարածք տրամադրել:
Մարությանը նաև հայտարարել էր, թե հիվանդանոցի բարեգործական լինելու մասին խոսք չի եղել, իսկ ինչ վերաբերում է հյուրանոցին, դրա կառուցումը կասեցվել է հյուրանոցի հարևանությամբ գտնվող այլ կառույցի սեփականատիրոջ`դատարան դիմելու պատճառով: Դատարանն էլ կասեցրել է շինարարությունը։
Ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը` նշելով, որ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված Ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ-ալ-Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան: Իսկ 2019 թվականի ամռանը Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին՝ շեյխ Սուլտան բին Խալիֆա ալ-Նահանը, որն ամենևին էլ Աբու Դաբիի թագաժառանգը չէ։ Հայտարարության համաձայն, ԱՄԷ նախագահի որդին Հայասատան եկել է բիզնես այցով և իրենք պաշտոնական որևէ հանդիպում չեն կազմակերպել։