ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. 11 մարդ է տուժել այսօր Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով։
Լյով Հակոբյան անուն ազգանունով facebook–յան օգտատերը, որն այդ պահին եղել է դեպքի վայրում, տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15։30–ի շրջակայքում։
Նրա տեղեկացմամբ` 100–ից ավելի նորակոչիկներ էին այսօր կանչվել զինվորական կոմիսարիատ, որոնց մեծ մասը եղել է նույն սենյակում, որն «Աստված գիտի թե քանի տարվա հնություն ունի»։
Նա նշել է, որ մարդիկ 4-5 ժամ սպասում են, մինչև տվյալ զինակոչիկի հերթը հասին։ Օգտատերը հույս է հայտնել, որ իր բողոքի ձայնը կհասնի համապատասխան մարմիններին և արձագանք կգտնի։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը`մոտ 25 քմ: Կա 11 տուժած: