Տարին չավարտված փողը վերջացել է. Ոստիկանությունը լրացուցիչ գումար է ուզում

Ներկրված ավտոմեքենաների աննախադեպ քանակի պատճառով ոստիկանության բյուջեն ժամանակից շուտ է սպառվել։ Հաշվառման–քննական կենտրոններում քաղաքացիներին ժամանակավոր փաստաթղթեր են տրամադրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Վարորդական նոր վկայականների, ավտոմեքենաների հաշվառման վկայագրերի ու ավտոմեքենաների համարանիշների գնման համար ոստիկանությունը փող չունի, փաստաթղթերի տպագրման նպատակով օգտագործվող պաշտպանիչ թաղանթներն էլ վերջացել են։

Հեղափոխությունից հետո Դատախազության միջոցով պետական բյուջե ավելի շատ գումար է մուտքագրվել

Ոստիկանության հաշվառման–քննական կենտրոններում քաղաքացիներին արդեն մի քանի օր է, ինչ A4 ֆորմատի թղթերի վրա տպագրված ժամանակավոր փաստաթղթեր են տրամադրում։

Ոստիկանությունը ստեղծված վիճակը պայմանավորում է տարվա ընթացքում Հայաստան ներկրված ավտոմեքենաների մեծ քանակով։

Խնդիրը լուծելու համար  կառավարությունն այսօր որոշում ընդունեց ոստիկանությանը լրացուցիչ 784 400 000  դրամ հատկացնել։

ՃՈ հաշվառման-քննական տարածքային կենտրոնների աշխատանքը մինչև տարեվերջ անխափան կազմակերպելու համար ոստիկանության հաշվարկով անհրաժեշտ են 110 000 պլաստիկ քարտ և մի քանի հարյուր տուփ պաշտպանիչ թաղանթներ։

Հայաստանը կրկնապատկել է ռազմական արդյունաբերության բյուջեն

Ժամանակից շուտ սպառվել է նաև ավտոմեքենաների համարանիշների համար հատկացված գումարը, և ոստիկանությունը 44.5 մլն դրամի պարտք է մնացել համարանիշներ մատակարարող «Զնակ Ստանդարտ» ՍՊԸ-ին։

Բացի այդ, ոստիկանությունը հավելյալ հատկացումների հաշվին նաև լրացուցիչ տեխնիկա է գնելու` 200 տեսախցիկ, համակարգչային տեխնիկա, օդորակիչներ։

Գաղտնի որոշմամբ կրկին բյուջեից գումար է հատկացվել գործուղումների համար. «Հրապարակ»

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին տարածած հայտարարությամբ ոստիկանությունն արդեն քաղաքացիներին հայտնել էր, որ հաշվառման կենտրոններում տրամադրվում են ժամանակավոր փաստաթղթեր, և որ  իրական վկայականների դեֆիցիտը կարող է ձգվել շուրջ մեկ ամիս։

Նշենք նաև, որ ժամանակավոր վկայագրերը Հայաստանից դուրս վավեր են միայն թարգմանված տարբերակի առկայության դեպքում։