ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից գազ գնելու մասին: ՀՀ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նրա խոսքով` վերջերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Իրան, որտեղ հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ։
«Հարցը քննարկման փուլում է։ Տվյալ պահին այդ սխեման չի գործում, բայց անպայման կգործի։ Դրա նպատակներից մեկը Թուրքմենստանից Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան ընդհանուր էներգետիկ միջանցք ստեղծելն է», – ասաց Մելքումյանը։
Նրա խոսքով` տվյալ պահին աշխատանք է տարվում սխեման շուտափույթ կերպով գործարկելու ուղղությամբ։ Մելքումյանը նշեց նաև, որ Իրանը հետաքրքրված է այդ նախագծի իրագործմամբ։
Պատգամավորն ուշադրություն դարձրեց այն բանին, որ հիմա Իրանից գազատարով Հայաստանը երեք անգամ ավելի քիչ է ստանում կապույտ վառելիք, քան թույլ է տալիս դրա թողունակությունը։
«Գազպրոմ Արմենիան» կոնկրետացրել է իր 5 տարվա ներդրումները
Նա հույս հայտնեց, որ Իրան –Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի շինարարությունը թույլ կտա ամբողջությամբ գործարկել գազատարը (հաշվի առնելով այն, որ Երևանը գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայով)։
Նշենք, որ Հայաստանի կողմից սվոփ եղանակով Թուրքմենստանից գազ գնելու նախագիծը ենթադրում է, որ Աշխաբադը վառելիքը կառաքի Իրանի հյուսիսային նահանգներ, իսկ Թեհրանը կտրամադրի իր գազը Երևանին։
Հիշեցնենք` Իրան–Հայաստան գազատարի թողունակությունը տարեկան մոտ 2,2 միլիարդ խորանարդ մետր է։ Հիմա օգտագործվում են դրանից 365-370 միլիոնը: Դա իրանական գազի մատակարարումներն են Հայաստանի ջերմակայանների աշխատանքի համար («գազ էլեկտրականության դիմաց» սխեմայով)։ Հայաստանում քննարկվում է նաև 234 ՄՎտ հզորություն ունեցող նոր ՋԷԿ–ի կառուցումը։