Youtube-ը Հայաստանը չի ճանաչում, GoogleMaps-ը Հայաստանում ադրբեջանական կղզյակներ է նկարում

Հայաստանի կառավարությունը փորձում է բանակցել Google և Youtube համաշխարհային կորպորացիաների հետ` մեր երկիրը առցանց համակարգերում ներառելու ու առկա սխալները շտկելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը փորձում է լուծել GoogleMaps-ում Հայաստանի տարածքում երևակվող ադրբեջանական տարածքների հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատասխանատո է 3 ուղղությամբ.Արշակյան

«Երբ որ GoogleMaps-ում ճանապարհը գծվում է քարտեզի վրա ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս Հայաստանի տարածքում, Նախիջևանի հատվածում։ Սա լուրջ խնդիր է, թե՛ տուրիստների համար, թե՛ քաղաքական տեսանկյունից։ Նաև Արցախի ոչ բաժանված լինելն է քարտեզի վրա»,– նշեց նախարարը։

ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են նաև PayPal և GooglePay վճարային համակարգերը։ Հայաստանն այս համակարգերում գրանցված չէ, ինչը լուրջ խնդիր է առաջացնում առցանց համակարգով աշխատող հայաստանյան ընկերությունների համար։ Հայաստանի տարածքում, հայաստանյան բանկային քարտով այս հավելվածներից ստացած գումարները հնարավոր չէ կանխիկացնել։

Նույն խնդիրն առկա է նաև Youtube-ի պարագայում։ Հակոբ Արշակյանի խոսքով` Youtube-ը Հայաստանը չի ճանաչում` որպես գործընկեր։

«Գոյություն ունի Youtube Partner Programm (Youtube-ի գործընկերների ծրագիր), որը Youtube-ի գործընկերներին թույլ է տալիս համակարգի կոնտենտից գումար գեներացնել և մանիտիզացիա անել։ Հայաստանն ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել Youtube Partner Programm–ի մաս» ,– պարզաբանեց նախարարը։

Արդյունքում, նրա խոսքով, համաշխարհային ցանցի ընձեռած հնարավորությունից օգտվելու համար հայկական ընկերությունները հաճախ ստիպված են լինում գրանցվել արտերկրում։

Հին հեռախոսը ձանձրացրե՞լ է. ամերիկահայ գործարարն ուզում է ՀՀ–ում նոր տեխնոլոգիա գործարկել

Հայաստանի կառավարությունը փորձում է բանակցել վերոհիշյալ խոշոր ընկերությունների հետ` առկա խնդիրները լուծելու համար, բայց, ինչպես Արշակյանն է նշում, խոշոր ընկերություններն ունեն իրենց քաղաքականությունը, և բանակցություններն այնքան էլ ակտիվ չեն ընթանում։

Ուղիղ բանակցություններից բացի ՀՀ իշխանություններն օգտագործում են նաև իրենց կապերը։

Հայաստանում սկսել են ստեղծել հեռանկարային նոր սարքի` FPGA–ի դիզայնը

«Youtube-ի հետ կապված մենք 3 ճակատով աշխատում ենք։ Առաջինը պաշտոնական խողովակներն են։ ԱՄՆ Կոնգրեսում մենք հայերի բարեկամների խումբ ունենք, որոնց մի մասին հետ հանդիպել և խնդրել ենք, որ աջակցեն։ Նրանք հենց այդ ընկերությունների հետ են աշխատում, մասնավորապես` Սիլիկոնյան հովտում մենք 2 կոնգրեսմեն և 1 կոնգրեսվուման ունենք, որոնք մեզ աջակցում ենք։ Երկրորդը` հենց Google-ում և Youtube-ում աշխատող հայերի խումբ կա, որոնք մեզ ևս փորձում են աջակցել։ Եվ երրորդը` մեր սփյուռքահայերի խումբն է, որոնք ևս փորձում են որևէ կերպ ազդել»,– ասաց Արշակյանը։

Հակոբ Արշակյանը հույս հայտնեց, որ բանակցություններն, ի վերջո կտան դրական արդյունք։ Բայց հնարավոր ժամկետ չցանկացավ հայտնել։