ՌԱԴԻՈ

Ֆրանցիսկոս առաջինը 83 տարեկան է. նրան Հռոմի պապ է դարձրել անպատասխան սերը

Չլիներ մանկական սիրո պատմությունը` Խորխե Մարիո Բերգոլիոն միգուցե երբեք Հռոմի պապ չդառնար։ Իսկ անպատասխան սիրո պատմությունն այսպիսին է. Խորխեն և Ամալյան 12 տարեկան էին։
Sputnik

Խորխեն սիրահարվել էր Ամալյային և մի նամակ ուղարկել նրան։ Թղթի վրա տուն էր նկարել ու գրել.

«Երբ ամուսնանաս ինձ հետ, քեզ համար այ էսպիսի տուն կգնեմ, իսկ եթե չամուսնանաս, ես հոգևորական կդառնամ»։

Ամալյայի հայրը հայտնաբերել էր նամակը, ապտակել աղջկան և արգելել նրան հանդիպել Խորխեի հետ։ Ու Խորխեն հոգևորական դարձավ, հետո էլ՝ Հռոմի պապ։

Ֆրանցիսկոս առաջինը 83 տարեկան է. նրան Հռոմի պապ է դարձրել անպատասխան սերը
Այսօր Ֆրանցիսկոս առաջինը դարձավ 83 տարեկան։ Համաձայնեք`ոչ կոնվենցիոնալ պապ է։ Նախորդներն ապրում էին պապերի համար նախատեսված ճոխ ապարանքներում, իսկ այս պապը՝ հանրակացարանում՝ երկու սենյականոց բնակարանում։ Ինքն էլ պատրաստում է իր կերակուրը, չնայած կնախընտրեր գնալ պիցերիա։ Մի քանի տարի առաջ տված հարցազրույցում խոստովանել է.

«Միակ բանը, որի մասին երազում եմ, գնալ պիցերիա և պիցա ուտել` մնալով չճանաչված»։

Նախորդներն օգտվում էին պապամոբիլից, իսկ այս Պապը հրապարակավ կարծիք է հայտնել, թե` պապամոբիլը շատ նման է տառեխի պահածոյի, և նախընտրում է երթևեկել հին Ֆիատով։ Ի դեպ, երկու տարի առաջ շքեղ ավտոմեքենաներ արտադրող Լամբորջինի ընկերությունը Պապին նվիրեց մի ավտոմեքենա, որը հատուկ նրա համար էր պատրաստվել։ Ինչ արեց Ֆրանցիսկոս առաջինը՝ օրհնեց մեքենան և կարգադրեց վաճառել այն աճուրդով։ Ի վերջո այն վաճառվեց 715 հազար եվրոյով։

Ֆրանցիսկոս առաջինը 83 տարեկան է. նրան Հռոմի պապ է դարձրել անպատասխան սերը
Երեք տարի առաջ դեկտեմբերյան այս օրերին Վատիկան եկավ Կոլումբիայի նախագահ Խոսե Մանուել Սանթոսը և Պապին ծննդյան օրվա կապակցությամբ անսովոր նվեր մատուցեց։ Դա մի գրիչ էր, որը պատրաստված էր պարկուճից՝ վրան էլ Պապի խոսքերը.

«Պատերազմական գնդակները մեր անցյալն են, բայց կրթությունը կկանխորոշի մեր ապագան»։

Համաձայնեք` իսկապես հրաշալի կլիներ, եթե պատերազմական գնդակները մնային անցյալում... նաև մեր տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է երիտասարդ սերնդի կրթությանը, ապա այդ գործին ժամանակին իր ավանդն է բերել նաև Պապը, որը 60-ական թվականների կեսերին գրականություն, փիլիսոփայություն և հոգեբանություն է դասավանդել Բուենոս Այրեսի կաթոլիկ քոլեջներում։

Հռոմի պապը նաև թափանցիկության կողմնակից է, որովհետև քաջ գիտակցում է՝ թափանցիկությունը կոռուպցիայի դեմ պայքարելու լավագույն միջոցն է։ Վատիկանի բանկը միշտ փակ է եղել ստուգումների համար։

Հենց Խորխե Մարիո Բերգոլիոն Պապ ընտրվեց ու դարձավ Ֆրանցիսկոս առաջին, Վատիկանի բանկը, իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ, հրապարակեց ֆինանսական գործունեության մասին տարեկան զեկույցը։

Քանզի ֆինանսներին անդրադարձանք, փաստենք, որ «պապությունը» համարվում է աշխատանք։ Այո, այո.

Հռոմի պապը ամեն ամիս պաշտոնական աշխատավարձ է ստանում Պապ աշխատելու համար։ Այն կազմում է ամսական 2500 եվրո։

Համաձայնեք, ողջ աշխարհի կաթոլիկների հովվապետի համար այնքան էլ մեծ գումար չէ։ Ասում են՝ նույնիսկ կարդինալները շատ ավելի են ստանում։ Ու այդ 2,5 հազար եվրոն էլ Ֆրանցիսկոս առաջինը հենց սկզբից հատկացրել է բարեգործությանը՝ սուրբ Պետրոսի հրապարակում և Հռոմի բոլոր եկեղեցիներին կից լոգարաններ է տեղադրել անօթևանների համար, նաև վարսավիրանոցներ է բացել նրանց համար։ Ի դեպ, այդ վարսավիրանոցներից կարող են օգտվել բոլորը, որովհետև դրանք աշխատում են երկուշաբթի օրերին, երբ Հռոմի մնացած բոլոր վարսավիրանոցները փակ են։

Հռոմի պապը վնասվածք է ստացել պապամոբիլով շրջելիս
Հռոմի պապը հեռուստացույց ընդհանրապես չի նայում, ֆուտբոլ և տանգո է սիրում։ Ու նաև հումորի նուրբ զգացում ունի։

Մի անգամ դեմքը դիպել էր իր չսիրած պապոմոբիլի զրահապատ ապակուն, աչքի տակ մեծ կապտուկ էր առաջացել։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ ինչ է պատահել, Ֆրանցիսկոս առաջինը լուրջ տոնով պատասխանեց. «Երեկ կարդինալների հետ գարեջրատուն էինք գնացել, խմեցինք, վիճեցինք, մեկն էլ աչքիս հագցրեց»։