Դավիթ Խաժակյանը կլքի՞ Երևանի ավագանին. Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել

Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի սկանդալային հայտարարությունից հետո  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում քննարկում են նրա գործունեությունը դադարեցնելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը facebook-ի իր էջում հայտնում է, որ քննարկում են Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի գործունեությունը դադարեցնելու հարցը։

«Տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»,–գրել է Մարությանը:

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 16–ին, Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ կրկին սկանդալ եղավ Դավիթ Խաժակյանի մասնակցությամբ։

Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»

«Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք` հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով լրացվել է փաստաթուղթ, որն իրականում գրվել է նոյեմբերի 4-ին»,–ասաց Խաժակյանը։

«Բռնվեցի՞ք, ժողովուրդ ջան, սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք».Դավիթ Խաժակյան

Նա հավաստիացրեց, որ իր մոտ է գտնվում իրական, այսինքն` հետին ամսաթվով` նոյեմբերի 4-ով լրացված փաստաթղթի պատճենը։

Խաժակյանը պլանշետի մեջ ուներ իր նշած փաստաթղթի բնօրինակի պատճենը, որը ցույց տվեց ավագանու նիստի մասնակիցներին:

«Բռնվեցի՞ք ժողովուրդ ջան, սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք։ Կամ ինձ դատի տվեք զրպարտության համար, կամ թող դատախազությունն ինձնից վերցնի փաստաթղթի այս տարբերակը»,–ասաց նա և հավելեց, որ կարող են փորձաքննության ենթարկել փաստաթղթի իր օրինակը։

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանն անմիջապես արձագանքեց «Լույս» խմբակցության ղեկավարի ելույթին։

«Մնում է Դատախազության մեր գործընկերներից ներողություն հայցել պատճառվելիք անհարմարությունների և ժամանակի կորստի համար»,- ասաց Համբարձումյանը:

Երևանի ավագանու նիստին նաև նորածին է մասնակցել. տեսանյութ

Ավելի վաղ Խաժակյանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, որի ժամանակ նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը, սակայն քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։ Հրաչյա Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Վերջինս հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։

Երևանի ավագանու անդամը «լկտի պահվածք» է դրսևորել. Խաչատրյանի բաց նամակը Մարությանին

Հիմք ընդունելով այս ամենը, Խաժակյանը պահանջում է, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը պատասխանատվության ենթարկվեն` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Խաժակյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել քննությանը և մատնանշել բազմաթիվ այլ հանգամանքներ։