Բռնություն գործադրողը պետք է պատժվի. Թորոսյանն` «Արաբկիրում» բժշկին հարվածելու դեպքի մասին

«Արաբկիր» բժշկական կենտրոնում բժշկի հանդեպ բռնության դեպքի առնչությամբ իրավապահները գնահատական կտան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի— Sputnik. Բժիշկների դեմ բռնությունները պետք է դատապարտվեն`  անկախ դեպքի մանրամասներից: Նման քայլի դիմողները պետք է պատժվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով օրեր առաջ «Արաբկիր» ԲԿ–ում տեղի ունեցած դեպքին։

Բռնության կոչերի քրեականացումը շփոթեցրեց Փաշինյանին. նա խառնեց Թումանյանին ու Նար–Դոսին

Դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» ԲԿ–ն տեղեկություն էր տարածել, որ հիվանդանոց տեղափոխված ջերմային ցնցումներով մի երեխայի հայր նախ կոտրել էր ընդունարանի բժշկի սեղանի ապակին, վնասել վիրաբուժականի դուռը, պատռել սեղանին դրված` մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իսկ հաջորդ օրը հայրն անվայել խոսքեր է հնչեցրել հիվանդանոցի բժիշկներից մեկի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։

«Խոսքը մի բժշկական կենտրոնի մասին է, որն ամենաշատ մանկական դեպքերն է սպասարկում։ Նման միջադեպերի մասին, այո, բարձրաձայնվում է, սակայն մենք երբեք չենք լսում հարյուրավոր ու հազարավոր` «հարթ» բուժում ստացող երեխաների մասին։ Սա փաստում է այն մասին, որ նորմայից դուրս իրավիճակ է նման այցելուների պահվածքը»,–ասաց նախարարը։

Ամուսինն ու որդին կնոջը քաշքշելով տարել են Քննչական բաժնից. հանգամանքները պարզվում են

Նրա խոսքով` մեկնաբանությունները, թե կարող է բժիշկն ինչ–որ բան այն չի ասել, կնշանակի, որ արդարացնում ենք բռնությունը, հիմքեր փնտրում դրա համար։ Թորոսյանը նշեց, որ նման դեպքերում նախ բռնություն գործադրողը պետք է պատժվի, իսկ դեպքի մանրամասներն ուսումնասիրելուց հետո պետք է հասկանալ` համակարգայի՞ն, թե՞ անհատական սխալ է եղել ու արդեն դա շտկել։

«Դեպքի իրավական գնահատականն էլ իրավապահ մարմինները կտան»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ «Արաբկիր» ԲԿ–ն տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն: