ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-ն կորուստներ չունի:
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում պարզ լսվում է գրեթե չդադարող կրակոցները։
«Գյուղի մի կողմում հարսանիք է, մյուս կողմից` կրակոցներ։ Ահա այսպես էլ ապրում են կոթեցիները...»,- գրել է օգտատերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Կոթի և Ոսկեպար գյուղերը։ Բարեբախտաբար հաջողվել էր զոհերից խուսափել, սակայն համայնքներին նյութական վնաս էին կրել։