«Սա աղաղակող դեպք է». Լեոնիդ Ռոշալը պաշտպանել է կալանավորված Մարինա Սարմոսյանին

Ռուսաստանցի հայտնի բժիշկ, Ռուսաստանի Ազգային բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալը մեկնաբանել է մոսկովյան ծննդատներից մեկի ղեկավարության կալանավորումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. №27 ծննդատան մոսկովյան մասնաճյուղի նախկին վարիչ Մարինա Սարմոսյանին աշխատանքից ազատելն ու կալանավորելն աղաղակող դեպք է։ Այս մասին ասել է «Ազգային բժշկական պալատի» նախագահ Լեոնիդ Ռոշալը։

Սկանդալ Մոսկվայի ծննդատանը. ինչի համար են կալանավորել նախկին վարիչ Սարմոսյանին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սավելովյան դատարանը կալանավորել է №27 ծննդատան մոսկովյան մասնաճյուղի նախկին վարիչ Մարինա Սարմոսյանին, որը մեղադրվում է անբարեխղճության և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար։

Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն. գլխավոր մանկաբարձ

Սարմոսյանը միջնորդել է իր նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, սակայն դատարանը որոշել է նրան երկու ամսով կալանավորել, այսինքն՝ մինչև 2020 թվականի փետրվարի 6-ը։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռոշալի կարծիքով` բժիշկներին պետք չէ կալանավորել պացիենտների առողջությանը ոչ միտումնավոր վնաս պատճառելու համար։

Նա հիշեցրել է, որ Սարմոսյանին գործից ազատել են այն բանից հետո, երբ վեց հազար նորածիններից մեկը մահացել է, և ևս երեքի մոտ բարդություններ են արձանագրվել։ Նրա խոսքով` բժշկության մեջ նման դեպքեր պատահում են։

«Մենք աստվածներ չենք։ Ամբողջ աշխարհում էլ երեխաները մահանում են ծննդատներում ու բարդացումներ են ունենում, դա արտակարգ իրավիճակ չէ»,–լրագրողների հետ զրույցում ասել է Ռոշալը։ 

Նա նաև ավելացրել է, որ №27 ծննդատան մասին բազում դրական կարծիքներ կան։

Հիշեցնենք` 2019 թվականին պետական կառույցները սկսել են №27 ծննդատան աշխատանքից բողոքներով դիմումներ ստանալ։ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը ներքին ծառայողական ստուգում է անցկացրել, որի արդյունքում ծննդատան ղեկավարությունը հեռացվել է աշխատանքից։