ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Wizz Air լոուքոսթերն ուղիղ չվերթեր է գործարկում Երևանից Վիեննա և Վիլնյուս։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Wizz Air ընկերության կորպորատիվ գործընկերության ղեկավար Անդրեաս Ռադոն։
Նրա խոսքով` տոմսերն արդեն վաճառվում են։ Ավիափոխադրման արժեքը սկսվում է 24,99 եվրոյից։ Չվերթերը կիրականացվեն ապրիլի 3–ից։
«Մենք հետաքրքրված ենք նոր ուղղություններ բացելու հարցով և մտադիր չենք սահմանափակվել այս երկուսով։ Կան այլ ուղղություններ, բայց առայժմ չենք կարող դրանք ներկայացնել»,–նշեց նա։
Նրա խոսքով` թռիչքները կիրականացվեն ցերեկային ժամերին և վաղ առավոտյան։ Տոմսի արժեքի մեջ չի մտնում ո՛չ ուղեբեռ, ո՛չ սնունդ, այդ ծառայությունների համար պետք է լրացուցիչ վճարել։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում արդեն այս թեմայով գրառում է արել։
«Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,–գրել է Փաշինյանը։
Արդեն հայտնի է, որ իռլանդական Ryanair–ը Հռոմի և Միլանի ուղղությամբ թռիչքները կիրականացնի հունվարից, իսկ ամռանից ավիաընկերության ինքնաթիռները կմեկնեն Բեռլին: Ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը հայտարարել էր, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, տոմսերը կարժենան միջինը 35 եվրո։