Թուրքիան կարող է ընդունել հնդկացիների ցեղասպանությունը` ի պատասխան ԱՄՆ բանաձևի

Անկարան շարունակում է նյարդայնանալ ԱՄՆ Սենատի բանաձևի պատճառով, որը ճանաչում և դատապարտում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիան կարող է ճանաչել ԱՄՆ–ում հնդկացիների ցեղասպանությունը` ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին Սենատի որոշման։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է A Haber հեռուստաալիքի եթերում։

«Մեր խորհրդարանը նույնպես կարող է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը։ Ինչպե՞ս կարելի է լռել, երբ խոսում ես Ամերիկայի մասին։ Դա ԱՄՆ պատմության մութ էջն է», – ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հավելել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է օգտագործի 1915թ–ն` իր ներքին քաղաքականությունն անցկացնելու համար և չպետք է «զոհաբերի երկու երկրների միջև հարաբերությունները»։ Նրա խոսքով` նման որոշումներ կարող են ընդունել պատմաբանները, և ոչ թե քաղաքական գործիչները։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է փաստաթղթին` այն անվանելով «քաղաքական ներկայացում», որն իրավաբանական ուժ չունի։

Հոկտեմբերի 30–ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ դեկտեմբերի 12–ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։