«Միսս տիեզերք 2019»–ի Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանը պատասխանում է քննադատություններին

Համացանցում բուռն քննարկվում է «Միսս տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի մեր մասնակցի հայկական տարազը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Զգեստն անհարմար էր՝ ներսից միացված էր «սկրեպներով» և կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես այն հանել հնարավոր չէր։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Միսս տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացրած Դայանա Դավթյանը` անդրադառնալով վերջին օրերի բուռն քննադատություններին, որոնք ուղղված էին մրցույթում իր ներկայացրած տարազին։

Ըստ մրցույթի կանոնների` մասնակիցները պետք է ներկայանան ազգային հագուստով, երեկոյան զգեստով և լողազգեստով։

«Միսս աշխարհ 2019». Լիանա Ոսկերչյանը քանոն է նվագել ու հայտնվել տաղանդավորների հնգյակում

«Շատերդ երևի տեղյակ եք «Միսս տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատիի (Մխիթարյան) հեղինակած և իմ ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ բացասական արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել, մինչդեռ զգեստն անհարմար էր։ Թևերի սուր վերջավորությունները թեքվում էին կողք, գլխազարդը փոքր էր և չէր ֆիքսվում, գոտին լայն էր: Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով»,–գրել է Դայանան:

Նրա խոսքով` իրեն վրդովեցրել է, որ զգեստի դիզայները և «Միսս տիեզերք Արմենիայի» ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը որոշել են բացասական արձագանքներից խուսափելու համար մեղադրել իրեն՝ իրենց իսկ ստեղծած զգեստի ձախողման համար։

Ներեցեք, սխալվել ենք՝ դուք ամենագեղեցիկը չեք

«Սանրվածքի վերաբերյալ ստույգ որոշում չի եղել, խոսվել է երկու տարբերակի մասին՝ հետևից հավաքած կամ երկու հյուս։ Հյուսերն արել եմ ինքս մի քանի րոպեում՝ օգնող չկար, իսկ առաջին տարբերակը բացառվեց գլխազարդի փոքր չափսի պատճառով»,–գրել է Դայանան` հավելելով, որ շրթներկի գույնն ընդհանրապես չեն քննարկել:

Մինչ մրցույթին մեկնելը Դայանան դժգոհել է, որ հագուստի գոտին կախ է ընկած, դիզայները պատասխանել է`  թող գոտկատեղից ներքև ամրանա: Իսկ գլխազարդը վերջին օրը փոխարինել են նորով, որը փոքր է եղել Դայանայի գլխի չափից և չի ֆիքսվել:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իր ձեռքի պարային շարժումը լավը չէր, Դայանան գրել է, որ ինքը տնօրինությանը տեղեկացրել էր, որ ազգային պարերին չի տիրապետում։

Հայտնի է` ով հաղթեց «Միսս տիեզերք 2019»–ում. Հայաստանի մասնակիցը լավագույն 20–յակում չէ

Գեղեցկուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տարազը ներկայացնելու համար ստիպված երգչուհի Սիրուշոյի տեսահոլովակներից մեկից է կրկնօրինակել այդ շարժումը։

«Վերան հենց ինքն էր պատվիրել չժպտալ՝ բացատրելով, որ տարազի հետ ժպիտն անհամատեղելի է: Իսկ հիմա տնօրենի հետ մեղադրում են ինձ չժպտալու մեջ»:

Դայանան նշել է, որ զգեստի դիզայներն իրեն անձնական վիրավորանքներ հասցնելուց բացի, նաև առցանց տիրույթում է հրապարակումներ արել։ Իր հասցեին հնչած մեղադրանքները գեղեցկուհին  համարում է ոչ ադեկվատ։

«Երբ Վերային ասացի, որ ես նույնպես կարող եմ համացանցով պատասխանել ու ճշմարիտ նկարագրել իրավիճակը, նրա պատասխանն էր. «Ես Գոհարի հետ եմ, և եթե այդպիսի բան անես, ապա քեզ պախարակող բան կանենք, խայտառակություն կլինի քո համար» (բառացի մեջբերում եմ ձայնային հաղորդագրությունից, որը կարող եմ տրամադրել): Իսկ ազգային տնօրենը սպառնում է հրավիրել մամուլի ասուլիս և տիտղոսազրկել ինձ՝ ճշմարտությունը բարձրաձայնելու դեպքում»,–գրել է նա:

Մրցույթ և հետնաբեմի ինտրիգներ. հայուհին` «Սուպեր զբոսաշրջային թագուհի» տիտղոսակիր

Մրցույթի ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը մեկնաբանել է Դայանայի գրառումը՝ նշելով, որ միջազգային ոչ մի հետևորդ հագուստը չի ծաղրել, միայն Դայանայի ձեռքի շարժումը, որը իրականում սխալ նկարի հետևանք էր (լուսանկարում տպավորություն է, որ Դայանան ձեռքով STOP շարժում է անում)։ Իսկ մասնակցությունը չի սահմանափակվել միայն տարազով: «Այնտեղ որոշիչ է եղել հարցազրույցի փուլը, երեկոյան հագուստը և լողազգեստը: Ես՝ որպես մրցույթի կազմակերպիչ, վստահ ասում եմ, որ իմ չանը թուլացել է այնքան եմ ասել Դայանային, որ գեղեցկուհին լայն ժպիտով պետք է ներկայանա: Այն, որ դա տեղի չի ունեցել, ակնհայտ է»,–գրել  է  Գոհարը։

Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ» մրցույթում կբացահայտի գաղտնիք, որի մասին 3 տարի չի խոսել

Նա նաև անդրադարձել է մրցույթի  բավականին թանկ անդամավճարին, ավիատոմսին, բեմական բոլոր հագուստների տրամադրմանը, անկետաների պատրաստմանը և այլ մանրամասների։

Խոսելով  հագուստի և աքսեսուարներն անհարմարության մասին` Գոհարը գրել է, որ Վերան տարազը կարել է ամբողջությամբ իր ռեսուրսներով։

«Մեծ քանակությամբ էսքիզներից ընտրել ենք Դայանայի հետ այս զգեստը, ոտքի բացվածքը նույնպես եղել է Դայանայի ցանկությամբ: Անգամ եթե ինչ - որ մի բան չի ստացվել, Վերան մեծ նվիրվածությամբ է ստեղծել այն: Նորից եմ ասում, այստեղ կարևորը Դայանայի տրամադրությունն էր, որից բողոքելու իրավունքը ես ունեմ, քանի որ իր մասնակցությունը իմ մեկ տարվա աշխատանքն է»։

Գոհարի խոսքով` չի կարելի պախարակել մի մարդու, որը դժվար ժամանակ ձեռք է մեկնել, իր բյուջեով  ստեղծել է տարազ ու անվճար տրամադրել։

Ինչպես է «Երևանի սիրուն աղջիկը» գերել ժյուրիին. Անգելինա Տանանյանն անկեղծացել է

Sputnik Արմենիան կապ հաստատեց Գոհար Հարությունյանի հետ՝ ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով։ Վերջինս տեղեկացրեց, որ իր ամբողջ ասելիքը կհայտնի առաջիկա օրերին հրավիրված ասուլիսի ժամանակ։