ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է մեկնել Մոսկվա և մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին, եթե հրավեր ստանա։ Այս մասին նախագահ Սարգսյանը ասել է ՌԻԱ Նովոստիի գործակալության հետ զրույցում:
«Ես միանշանակ կգամ, եթե հրավիրվեն: Դա մեծ հաղթանակի օր է, և այս հաղթանակը կարևոր է բոլորիս համար, ինչպես ռուսների, այնպես էլ, հայերի, ուկրաինացիների, ուզբեկների և այլ ժողովուրդների համար: Սա մեր հաղթանակն է: Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք իր ներդրումն ունի այդ հաղթանակի գործում , ներառյալ արտերկրում գտնվող հայկական սփյուռքը», - ասել է նախագահ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում է Կատարում։
Նա հանդիպում էր ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ:
Հայաստանում նշվում է անհայտ զինվորի օրը. մեկնարկել են հաղթանակին նվիրված միջոցառումները
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակի միջոցառումներին։