ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գործարար, ՀՀՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին օրեր առաջ էր զգուշացրել նրա նկատմամբ նախապատրաստվող իրավական գործողությունների մասին։ Այս մասին Հայրապետյանը հայտնել է երեկ ուշ երեկոյան «168 ժամ» կայքին տված հարազրույցում։
«Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Տասը oր առաջվա բան եմ ասում: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչի համար է արվում՝ նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան և փախել»,-ասել է Հայրապետյանը։
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Քոչարյանը մտահոգ մարդ է, բայց ինքը փախչելու մտադրություն չունի և երբեք էլ չի ունեցել։ Ասաց, որ սիրում է Հայաստանը ու ազատության, թե անազատության մեջ, մնալու է իր հայրենիքում։
«Հարցերը տվեք նրան, ով այս պատվերը իջեցրել է»․ Ռուբեն Հայրապետյան
«Ձերբակալում են, թող ձերբակալեն: Ոստիկանության աշխատողներն էլ թող չտանջվեն: Թող զանգեն ինձ ու ասեն, որ ձերբակալում են: Ազնվորեն եմ ասում՝ նույն րոպեին կգնամ ոստիկանություն: Ես դրանից չեմ վախենում: Ձերբակալելով մեր տեսակներին չեն վախեցնի»,– ասաց նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։
Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը և շինությունները
Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: