Ծախած խաղեր, կերած փողեր. Ռուբեն Հայրապետյանը պատմել է ՀՖՖ–ի «կեղտոտ սպիտակեղենի» մասին

ՀՖՖ նախկին նախագահը «168.am» կայքին տված հարցազրույցում պատմել է ՀՖՖ ներկայիս ղեկավարության չարաշահումների ու հավաքականի երկրորդ մարզչի` խաղը ծախելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տվել։ Այս մասին նա հայտնել է երեկ «168.am» կայքին տված հարցազրույցում։

«Ես հրաժարական չեմ տվել, այդ միտքն անընդհատ պտտվում է։ Եթե իշխանափոխությունը չլիներ էլ, ես չէի առաջադրվելու, մինչև վերջ կշտացել էի ֆուտբոլից»,– ասել է նա։

Քոչարյանը Ռուբեն Հայրապետյանին հորդորել է «հանգիստ նստել տեղը»

Նախկին նախագահը նաև խորհուրդ է տվել այսօր ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնողներին հրաժարվել այդ մտքից, քանի որ դա շատ անշնորհակալ աշխատանք է։

«Հավաքականը հաղթում էր, ասում են՝ ապրեն ֆուտբոլիստներն ու մարզիչը, հավաքականը պարտվում էր, աշխարհի ամենավատ մարդը Հայրապետյան Ռուբենն էր: Իմ ամենասիրած խաղն էր, բայց հիմա հեռուստացույցով չեմ էլ ուզում նայել, երբ ֆուտբոլ է, որովհետև ֆուտբոլի երեսից ես այնքան եմ տուժել ու կորցրել։ Իմ երեխեքի միլիոնավոր դոլարները տարել, դրել եմ ֆուտբոլի մեջ։ Թող գնան ստուգեն»,– ասել է նա։

Հայրապետյանը նաև պատմել է, որ Հայաստանի հավաքականի չարթերային թռիչքները կազմակերպել է ոչ ֆեդերացիայի միջոցներով։ Հավաքական 4 մարզիչներին ևս, նրա խոսքով, ֆեդերացիան ոչ մի կոպեկ չի վճարել։

Ինչ վերաբերւմ է ֆեդերացիայում այսօր տիրող վիճակին, դրանում Հայրապետյանը որոշ չափով նաև իր մեղավորությունն է տեսնում, որ ժամանակին ճակատագրական սխալ է արել` աշխատանքի ընդունելով ՀՖՖ ներկայիս փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանին ու Արմեն Նիկողոսյանին։

«Թող հարսանիքի փողերը տա». Հայրապետյանը բացել է Սուքիասյան–Ծառուկյան խնամիական գաղտնիքները

«Ֆուտբոլային հանրությունը կարող է ինձ մեղադրել։ Ներողություն եմ խնդրում Սուրեն Բաղդասարյանից, որ իրեն չեմ լսել։ Արմեն Նիկողոսյանն ու Արմեն Մելիքբեկյանը միշտ երազել են ՀՖՖ նախագահին մոտիկից տեսնել, հիմա ինչի՞ են հավակնում: Նիկողոսյան Արմենին էնքան լավ բան եմ արել, իրեն ու իր ընտանիքին»,– ասել է Հայրապետյանը։

ՀՖՖ նախկին նախագահն ասել է նաև, որ Արմեն Մելքիբեկյանին ինքն է աշխատանքից հանել` ֆեդերացիայի հատկացրած գումարները ծախսելու համար։ Հայրապետյանը պատմել է, որ վերջինս Իսպանիայից եկել է և հայտարարել, որ իր քարտը գողացել են և վրայի գումարները քաշել են։ Ինքն այդ գումարները փակել է ու Մելիքբեկյանին ասել` «ռադդ քաշի, գնա»։

Քարտի վրա մի քանի հազար եվրո գումար է եղել, որը տրվում էր հավաքականին ուղեկցող անձին` արտերկրում անհրաժեշտ ծախսեր կատարելու համար։

«Մի հատ ՍՈՒ– 35 սամալյոտ են գտել, մի հատ էլ Տ–90 տանկ». Ռուբեն Հայրապետյան

Այսօր, ըստ Հայրապետյանի` «Արմենը Մելիքբեկյանը ՀՖՖ-ն դարձրել է իր սեփականությունը, աներ, զոքանչ հավաքականի հետ թռնում են Լյուքսեմբուրգ»։

Հայրապետյանը հայտնել է` որքան էլ որ որոշել էր հեռու մնալ ՀՖՖ–ից` շարունակում է խոշորացույցով հետևել Արմեն Նիկողոսյանի և Արմեն Մելիքբեկյանի աշխատանքին, քանի որ իր համոզմամբ, հենց այդ զույգն է այսօր ղեկավարում ՀՖՖ–ն։

«Ո՞ւմ են դրել գլխավոր մարզիչ. էն մարդուն, որը Ռոման Բերեզովսկու, Հարություն Վարդանյանի, Սարգիս Հովսեփյանի ներկայությամբ ինձ զանգել է ու 1 միլիոն դոլար փող էր առաջարկում՝ խաղը Հունաստանին ծախելու համար։ Ու այդ մարդուն` Երվանդ Սուքիասյանին, Հունաստանի խաղին դնում են երկրորդ մարզիչ։ Ձայնագրությունները մինչև հիմա պահում եմ, թե ինչպես էր ինձ փորձում կաշառել։ Վանեցյանը կարող էր չիմանալ, բայց Արմեն Նիկողոսյանն ու Արմեն Մելիքբեկյանը գիտեին»,– ասաց Հայրապետյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 23-ին նախանշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը։

Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը:

ՀՖՖ նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 21–ից, երբ Արթուր Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։