ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի Սենատի ընդունած բանաձևը կխանգարի հայ-թուրքական երկխոսությանը։ Այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը։
Դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը սպառնում է Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
«Ցեղասպանության մասին բանաձևը, որը տասնամյակներ շարունակ չէր ընդունվում, այժմ հաստատվել է С-400–ի ու Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների համար Անկարային պատժելու նպատակով։ Դա պատմության կամ իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Այս քայլը միայն խանգարում է երկխոսությանը։ Երևի հենց դա է ցանկալին։ Այնպես որ, վերքը միշտ արյունահոսելու է, իսկ արնախումների համար տոնակատարություն է սկսվում», – գրել է Եսայանը։
Նշենք, որ Եսայանն առաջին անգամ չէ, որ Թուրքիայի իշխանության շահերից բխող սկանդալային հայտարարություններ է անում ու հայերի վրդովմունքին արժանանում։
Ավելի վաղ բանաձևը մեկնաբանել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը։
ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել. պատճառը ցեղասպանության բանաձև՞ն է
Նրա խոսքով` միայն Թուրքիայի խորհրդարանը կարող է բուժել հայ ժողովրդի վերքը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից հրաժարում, ԱՄՆ–ի կառավարության անունից Ցեղասպանության ճանաչում և իրազեկում` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։
Հայերի վերքը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան
Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած այդ փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, սակայն Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար հերքում է այդ իրողությունն ու դրան առնչվող մեղադրանքները։