Փաշինյանի մամուլի քարտուղարը կադրային ջարդի նախանշաններ չի տեսնում

Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ բոլորը հետևություններ կանեն Նիկոլ Փաշինյանի ասածից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը դժվարանում է ասել` Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո կադրային ջարդեր կլինեն, թե ոչ։ Այսօր նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

«Կառավարության ղեկավարը բազմիցս ասել է, որ պետական ծառայողների կամ, ինչպես օրենքն է ասում, հանրային ծառայողների 95%-ից ավելին մնացել են նախկինից, կադրային որևէ ջարդ չի եղել, և չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան»,– ասաց նա:

Նրա խոսքով` վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

«Կարծում եմ՝ բոլորս հետևություններ կանենք նրա վերաբերմունքի վերաբերյալ»,-նշեց Կարապետյանը:

Հիշեցնենք` կառավարության երեկվա նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը։ Նրա խոսքով` Հայաստանում գրանցված տնտեսական բոլոր ցուցանիշներն արվել են ի հեճուկս ՀՀ պետական համակարգի ու բոլոր նախարարությունների։ Անգամ կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական համակարգի, որովհետև իրավապահ համակարգը անվերջ ձգձգում է գործերի քննությունը։ «Այո՛, եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ»,– ասել էր նա։