ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքն է բացահայտել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում: Արդյունքում հայտնաբերվել է «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող փորձագիտական կենտրոններից մեկը՝ փորձաքննության:
Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Պետհաստատություններում 543 անձ գրանցվել և գործի չի գնացել. պատճառվել է 1.4 մլրդ դրամի վնաս
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դեպքերի: