Հայերի վերքը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Միայն Թուրքիայի խորհրդարանն է կարող ապաքինել հայ ժողովրդի վերքերը։ Այս մասին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը Կարո Փայլանը գրառում է կատարել Twitter-ում՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Դեկտեմբերի 12-ին Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող S.Res.150 բանաձևը։

«Քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում, և այստեղ չի վերահաստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։ Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան, և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»,- ինչպես հայտնում է ermenihaber-ը, այս մասին գրել է Փայլանը։

​Թուրքիան արդեն իսկ բացասական է արձագանքել Սենատի ընդունած բանաձևին։ Նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ այս բանաձևը սպառնալիք է Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմանի հարաբերությունների համար։ Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սատերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։

Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Ցեղասպանությունը. Սամանթա Փաուեր

Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած այդ փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից՝ Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար հերքում է այս փաստն ու դրան առնչվող մեղադրանքները։

Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ