Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը և շինությունները

Քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում էլ այժմ խուզարկություն է իրականացվում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրան պատկանող շինություններում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները վնասեն ՀՀ–ի անվտանգությանը». Վանեցյան

«Կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ այժմ ստուգումներ են իրականացվում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրան պատկանող շինություններում»,–ասացին ոստիկանությունից։

Հիշեցնենք` մինչ այդ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 6-րդ վարչությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում։ Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: