«Հարցերը տվեք նրան, ով այս պատվերը իջեցրել է»․ Ռուբեն Հայրապետյան

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը կարճ մեկնաբանություն է տվել իր տան խուզարկության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Քանի դեռ հատուկջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ գործողություններ են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանն ու նրա հետ կապվող շինություններում, ՀՖՖ նախկին նախագահը չի կարող այդ թեմայով որևէ բան ասել։ Հայրապետյանն այս մասին ասել է Factor.am-ին և հորդորել է չանհանգստացնել իրեն։

Դիտարկմանը, թե հրատապ թեմա է, ասել է․ «Էդ ձեր համար ա հրատապ, իմ համար հրատապ չի, մնացած հարցերը տվեք նրան, ով որ այս պատվերը իջեցրել է, իրեն հարցրեք ինչ կարգավիճակ ունեմ, ինչի համար ա այս քրեական գործը»:

Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել զանգի համար ու անջատել է հեռախոսը։

Ոստիկանությունից էլ հայտնել են, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում Հայրապետյանի տանը, «Հարսնաքար» ռեստորանում և Զեյթունի արտադրամասում։

«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին

Հիշեցնենք` մինչ այդ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 6-րդ վարչությունը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում։ Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: