Գորան Բրեգովիչի երևանյան 65 000 եվրոանոց հոնորարը երաժիշտ, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանին չի զարմացրել, թեև Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ եթե ինքը հրավիրեր Բրեգովիչին, գինը կարող էր ավելի ցածր լինել։
Այդուհանդերձ, պրոդյուսերը հիշեցնում է`Նոր տարվա գիշերը ցանկացած արտիստի հոնորար կրկնապատկվում է։
«Երևի ես կկարողանայի մի քիչ ավելի էժան պայմանավորվել։ Չեմ ուզում վիճել, կամ պնդել, քանի որ պետք է նաև հաշվի առնենք, որ համերգը կայանալու է Նոր տարվա գիշերը, դրսում, որտեղ նորմալ պայմաններ չեն այն առումով, որ համերգասրահ չէ։ Հնարավոր է` այդ օրը -25 լինի, փոթորիկ լինի, ձյուն լինի, բայց արտիստն, ըստ պայմանագրի, ստիպված է ելույթ ունենալ»,– ասաց նա։
Բրեգովիչի ամանորյա հոնորարը քաղաքապետարանում համեմատում են հայ աստղերի հոնորարների հետ
Հոնորարը հոնորար, բայց Ամանորի գիշերը Երևանի Հանրապետության հրապարակում Բրեգովիչի համերգով անցկացնելու գաղափարը Խաչատուր Ալմազյանն այնքան էլ չի ողջունում։ Ասում է`որպես Կուստուրիցայի ֆիլմերի երաժշտության հեղինակ, նա իր համար հանճար է, բայց Նոր տարվա գիշերը կգերադասեր լսել մեր տաղանդավոր կատարողներին։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի` Նոր տարվա հայկական հիթ ստեղծելու գաղափարին, որը կարող է ստվերել համաշխարհային հիթերը, Խաչատուր Ալմազյանը դա այնքան էլ հեռանկարային գաղափար չի համարում։
Ամանորի համար 270 մլն հատկացնելն ուտել-խմելու, ծափ-ծլնգոցի համար չէ. Փաշինյան
Ամանորին նվիրված հայկական երգերից Ալմազյանն առանձնացրեց Արթուր Գրիգորյանի «Իմ Նոր տարի» երգը, իսկ Ամանորի անուրանալի խորհրդանիշ Ալմազյանը համարում է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը» ու դեմ չէ ամեն տարեմուտ նշել հենց այդ գլուխգործոցի հնչյունների ներքո։