Բացվեց մեր պահանջատիրության պատմական նոր էջը. Գարեգին Բ–ն ողջունել է ԱՄՆ Սենատի որոշումը

Վեհափառը հայրապետը ողջունել է նաև ազգային բոլոր մեր հաստատությունների ու նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:

Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Ցեղասպանությունը. Սամանթա Փաուեր

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին եւ բանաձևը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսեւորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց Ցեղասպանության ծանր հետևանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը»,–ասված է կաթողիկոսի ուղերձում:

Վեհափառը հայրապետը ողջունել է նաև ազգային բոլոր մեր հաստատությունների ու նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերել նրանց այս պատասխանատու հանձնառությունը: «Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին»,–գրել է Գարեգին Բ։

Հիշեցնենք` ԱՄՆ Սենատն երեկ` դեկտեմբերի 12–ին, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

«Հանգիստ քնեք, իմ նախնիներ». Թինա Կանդելակիի գրառումն ու Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։